
Published on 08/09/2025
EAZA-ի ներկայացուցիչներն այցելել են FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնը (WRC) հյուրընկալել է «Ouwehand» կենդանաբանական այգու կենդանաբանական տնօրեն և Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) կողմից Երևանի կենդանաբանական այգու համակարգող Յոզե Կոկին: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի կենդանաբանական այգու թիմը՝ փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի գլխավորությամբ: Հյուրերին հյուրընկալել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և հիմնադրամի մասնագիտական թիմը:
Այցի նպատակն էր վերահաստատել և ամրապնդել համագործակցությունը Փրկարարական կենտրոնի և Երևանի կենդանաբանական այգու միջև՝ առանձնակի շեշտադրելով աշխատանքային գործընթացների համապատասխանեցումը EAZA-ի միջազգային չափանիշներին: Քննարկումների առանցքում էին կենդանիների բարեկեցությունը, բնապահպանական մոտեցումները, կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները:
Այժմ Երևանի կենդանաբանական այգին EAZA-ի անդամության թեկնածու է և ակտիվորեն աշխատում է լիիրավ անդամ դառնալու ուղղությամբ: FPWC-ն, լինելով EAZA-ի ասոցացված անդամ, կարևորում է փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը գործընկերների միջև, ինչն առանցքային դեր ունի Հայաստանում կենդանիների խնամքի և պահպանման չափանիշների բարելավման գործում:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան (EAZA) միավորում է աշխարհի լավագույն կենդանաբանական հաստատությունները, որոնք առաջնորդվում են կենդանիների բարեկեցության և տեսակների պահպանության խստագույն կանոններով:
FPWC-ի և Երևանի կենդանաբանական այգու համագործակցությունը EAZA-ի շրջանակներում հնարավորություն է տալիս.
- Կենդանիների խնամքի, բուժման և վերականգնման հարցերում կիրառել եվրոպական լավագույն փորձը:
- Մասնակցել տեսակների պահպանման եվրոպական ծրագրերին (EEP), ինչը կենսական է վտանգված տեսակների վերարտադրության համար:
- Իրականացնել համատեղ հետազոտություններ, որոնք նպաստում են վայրի բնության պահպանությանը ինչպես անազատության մեջ, այնպես էլ բնական միջավայրում (in-situ):
Այս այցը ևս մեկ քայլ է՝ Հայաստանը համաշխարհային բնապահպանական քարտեզի վրա որպես պատասխանատու և չափանիշներին հետևող երկիր ներկայացնելու ճանապարհին: