
Published on 16/11/2026
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) շրջանակում տեղի է ունեցել «Արդյունավետ և արդարացի «Նպատակ 3»-ի իրագործման ուղին» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկումը։ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ներկայացուցիչ Թիմ Բադմանի (Tim Badman) մոդերատորությամբ ընթացող նիստը համախմբել է միջազգային կառույցների և տարբեր երկրների բնապահպանական առաջնորդներին՝ քննարկելու Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային «Նպատակ 3»-ի (30x30) իրականացման գործնական մեխանիզմներն ու մարտահրավերները։
Քննարկման մեկնարկին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի (UN Biodiversity / CBD) քարտուղարության ներկայացուցիչ Քապաջ Կոնդե Չոկեն (Q'apaj Conde Choque) անդրադարձել է համաշխարհային այս թիրախի արժեքային ու իրավական հիմքերին։ ««Նպատակ 3»-ը միավորում է պահպանության արդյունավետությունը, էկոլոգիական կապակցվածությունն ու արդարացի կառավարումը։ Այն հստակորեն ճանաչում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներն իրենց ավանդական տարածքների նկատմամբ՝ ընդգծելով բնության, մշակույթի և կառավարման անխզելի կապը», — նշել է նա։
Համայնքային ու մասնավոր նախաձեռնությունների այս ներուժը գործնականում լավագույնս դրսևորվում է տարբեր երկրների հաջողված փորձում։ Այս համատեքստում Մեքսիկայի Բնության պահպանվող տարածքների ազգային հանձնաժողովի (CONANP) ներկայացուցիչ Էդուարդո Ռոբելո Գոնսալեսը (Eduardo Robelo González) ներկայացրել է իր երկրի փորձառությունը․ «Մեքսիկայում պետական պահպանվող տարածքներին զուգահեռ գործում են ավելի քան 600 «Կամավոր պահպանվող տարածքներ» (Áreas Destinadas Voluntariamente a la Conservación)։ Սա ապացուցում է, որ մասնավոր և համայնքային նախաձեռնություններն առանցքային դեր ունեն 30x30 թիրախին հասնելու գործում»։
Զարգացնելով կառավարման մոդելների բազմազանեցման թեման՝ Քենիայի Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչ Մայիանի Սաինոն (Mayiani Saino) կիսվել է աֆրիկյան մոդելով, որտեղ ոչ պետական պահպանությունն արդեն իսկ գերազանցում է պետական ցուցանիշները։ «Բազմազան կառավարումն (diverse governance) այն ուժն է, որը թույլ կտա իրագործել «Նպատակ 3»-ը։ Քենիայում համայնքային և մասնավոր պահպանվող տարածքները կազմում են երկրի տարածքի շուրջ 16%-ը՝ գերազանցելով պետական արգելոցները։ Իրավական ամուր շրջանակներն ու OECM-ների հստակ ճանաչումը վճռորոշ են այս արդյունքներն արձանագրելու համար», — ընդգծել է նա։
Միջազգային այս օրինակներին զուգահեռ՝ պետության և հասարակության համատեղ պատասխանատվության ու էկոհամակարգային ամբողջականության կարևորությունն է շեշտել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ «Պահպանվող տարածքներ ստեղծելը բավարար չէ, պետք է մտածել էկոհամակարգային կապակցվածության, ապրելավայրերի և այնտեղ ապրող համայնքների մասին։ Ներառականությունն ու սերտ համագործակցությունը պետության, քաղաքացիական հասարակության, գիտության և համայնքների միջև կենսաբազմազանության պահպանման միակ հուսալի ուղին են», — նշել է նախարարի տեղակալը։
Բարձր մակարդակի պանելային քննարկումը մեկ անգամ ևս վերահաստատեց մասնակից երկրների ու կառույցների միասնական տեսլականը՝ միավորել ջանքերը հանուն մեկ ընդհանուր նպատակի՝ արդարացի, ներառական և արդյունավետ բնապահպանության ամբողջ աշխարհում։