
Published on 29/06/2026
COP17 մեդիա դպրոցի մասնակից լրագրողների երկօրյա արտագնա այցը մեկնարկեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) էկո-կենտրոն։ Հունիսի 27-ին կայացած այցի առաջին օրը լեցուն էր ռազմավարական քննարկումներով, դաշտային գործնական աշխատանքով և բնապահպանական կինոդիտմամբ։
Առաջին օրը մեկնարկեց ռազմավարական քննարկմամբ, որը վարեց FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ Քննարկման առանցքում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն էր՝ կենսաբազմազանության գլոբալ ճգնաժամի և սպասվող COP17 համաժողովի համատեքստում։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են պահպանության այլընտրանքային և մասնավոր մոդելները թույլ տալիս գործնականում կանխել կենսաբազմազանության կորուստը, որից հետո ծավալվեց ակտիվ հարցուպատասխան։
Տեսական գիտելիքներին հաջորդեց գործնական ծանոթացումը CWR պահպանության մեթոդներին։ Լրագրողները մոտիկից ուսումնասիրեցին ապաստարանի տեխնիկական և նորարարական հնարավորությունները.
- Նորարարական մոնիթորինգի համակարգեր,
- Տեսադիտարկման ժամանակակից սարքավորումներ ու ֆոտոթակարդներ,
- Հակահրդեհային կանխարգելման առաջատար մեթոդներ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան հասկանալու, թե ինչպես է տեխնոլոգիան ծառայում որպես անտառապահների հիմնական գործիք՝ տարածքի անվտանգությունն ու կենդանիների անդորրն ապահովելու համար։
Արտագնա այցի ծրագիրը շարունակվեց երկու առանցքային թեմատիկ սեսիաներով։ FPWC ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանի ուղեկցությամբ լրագրողներն այցելեցին հիմնադրամի ջերմատուն։ Նրանք ծանոթացան տեղական ծառատեսակների աճեցման առանձնահատկություններին՝ դիտարկելով լանդշաֆտների վերականգնումը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման հզոր գործիք։ Այնուհետև FPWC բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը ներկայացրեց համայնքների և վայրի բնության միջև առկա կոնֆլիկտների լուծման ուղիները։ Լրագրողներին ներկայացվեցին էլեկտրական հովիվների և հավելյալ կերակրման կիրառման հաջողված փորձերը, որոնք մեղմում են ճնշումը համայնքների վրա՝ միաժամանակ պահպանելով վայրի կենդանիների անվտանգ միջավայրը։
Օրվա ամենատպավորիչ հատվածներից էր դաշտային դիտարկումը, որը մասնակիցների համար ծառայեց որպես գործնական լրագրության վարժանք։ Լրագրողները բարձրացան հատուկ դիտակետեր, որտեղից բնական միջավայրում հնարավորություն ունեցան տեսնելու բեզոարյան այծեր և տարբեր թռչուններ։ Այս կենդանատեսակների ակտիվ ներկայությունն ապաստարանի տարածքում էկոհամակարգի առողջացման և արդյունավետ պահպանության լավագույն չափելի ցուցիչն է։
Առաջին օրվա ծրագիրն ամփոփվեց «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնի հատուկ ֆիլմի ցուցադրությամբ։ Մասնակիցները դիտեցին ռեժիսոր Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» վավերագրական ֆիլմը։
Առաջին օրվա ծրագիրն ամփոփվեց մշակութային ու հանրային նախաձեռնությունների քննարկմամբ։ Մասնակիցներին ներկայացվեցին հիմնադրամի կողմից իրականացվող ամենաազդեցիկ հարթակները՝ «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնը և «Եղեգիս ֆեսթը»։ Այս ներկայացման առանցքային նպատակն էր մեդիա դաշտի ներկայացուցիչներին ավելի ակտիվորեն ներգրավել այս գործընթացներում՝ նրանց դիտարկելով ոչ թե պարզապես լուսաբանողներ, այլ էկո-կրթական և հանրային գիտակցության փոփոխության լիարժեք մասնակիցներ։
Լրագրողների այցն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) կողմից՝ COP-17 մեդիա դպրոցի շրջանակում։
COP-17 մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ հայաստանյան գրասենյակը և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ։