Համագործակցության ամրապնդում վայրի բնության պաշտպանության համար՝ COP17-ից առաջ

Published on 03/09/2025

ԲԸՏՄ-ն և FPWC-ն ամրապնդում են համագործակցությունը վայրի բնության պահպանության ոլորտում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հյուրընկալել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին:

Այցի ընթացքում պարոն Մարտիրոսյանը մանրամասն ծանոթացել է փրկված վայրի կենդանիների խնամքի, վերականգնման գործընթացին և պահման պայմաններին: Հանդիպման առանցքային թեմաներից էր Հայաստանում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների խնդրին համակարգային լուծում տալու հրատապությունը, հատկապես՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17) ընդառաջ:

Կողմերն ընդգծել են Տեսչական մարմնի և FPWC-ի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով: Քննարկվել են նաև ոլորտին առնչվող այլ հրատապ հարցեր, ինչի արդյունքում ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն՝ ընդլայնելու համատեղ ջանքերը և ամրապնդելու գործակցությունը մի շարք ուղղություններով:

Հայաստանում վայրի կենդանիների անօրինական պահման խնդիրը տարիներ շարունակ եղել է բնապահպանական օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը: FPWC-ն, լինելով ոլորտի առաջատար մասնագիտացված կառույցը, հանդիսանում է պետության հիմնական գործընկերը փրկված կենդանիների վերականգնման և հետագա խնամքի հարցում:

Այս համատեքստում Տեսչական մարմնի հետ համագործակցության խորացումը կարևոր է, քանի որ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների և FPWC-ի մասնագիտական ռեսուրսների համադրումը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել խախտումները, այլև ապահովել կենդանիների անվտանգ տեղափոխումն ու պատշաճ խնամքը: Միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի հանդեպ պարտավորեցնում է ունենալ վայրի բնության պահպանության հստակ և թափանցիկ մեխանիզմներ, որտեղ պետական և հասարակական հատվածները գործում են համաձայնեցված:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել