
Published on 19/09/2026
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած «Չուի ուղիների համաշխարհային գագաթնաժողովի» (Global Flyways Summit) շրջանակում BirdLife International համաշխարհային ցանցի գործընկերները, պետական այրերը, բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներն ու միջազգային ֆինանսական կառույցները հանդես եկան պատմական հանձնառությամբ։
Գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց «Նայրոբիի չուի ուղիների հռչակագիրը» (The Nairobi Flyways Declaration), որը նոր փուլ է բացում չվող թռչունների և նրանց կենսամիջավայրերի պահպանության համաշխարհային քարտեզում։ FPWC-ն՝ որպես BirdLife-ի հայաստանյան պաշտոնական գործընկեր, միացել է այս համաշխարհային նախաձեռնությանը՝ վերահաստատելով Հայաստանի կարևոր դերը միջազգային չուի ուղիների պահպանման գործում։
Հռչակագրի առանցքային ուղերձներն ու նպատակները
- Թռչունները՝ մոլորակի առողջության ցուցիչ․ Չվող թռչունների վիճակն անմիջականորեն արտացոլում է ամբողջ մոլորակի էկոհամակարգերի վիճակը։ Նրանց պահպանությունը միայն առանձին տեսակների փրկություն չէ, այլ կենսահամակարգ կայունության երաշխիք։
- Չուի ուղիներ՝ առանց սահմանների․ Թռչունները սահմաններ ու վիզաներ չեն ճանաչում։ Անցնելով մայրցամաքներ, օվկիանոսներ ու լեռնաշղթաներ՝ նրանք ապացուցում են, որ բնությունն մեկ միասնական օրգանիզմ է։ Ոչ մի պետություն չի կարող միայնակ պաշտպանել չվող տեսակներին․ անհրաժեշտ է միջսահմանային անխափան համագործակցություն։
- Պահպանվող տարածքների էկոլոգիական ցանց․ Հռչակագիրը կոչ է անում չուի ուղիների ողջ երկայնքով ստեղծել, ընդլայնել և վերականգնել էկոլոգիապես փոխկապակցված հատուկ պահպանվող տարածքների հուսալի ցանց։
- Գլոբալ դաշինք․ Վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետությունների, գիտնականների, ֆինանսական դոնորների և տեղական համայնքների ջանքերի մեկտեղում՝ ապահովելով գործողությունների մասշտաբային ազդեցություն։
«Նայրոբիի չուի ուղիների հռչակագրի» տակ դրված յուրաքանչյուր ստորագրություն խոստում է՝ ուղղված թռչուններին և միջազգային հանրությանը։ Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանը միջազգային չուի ուղիների կարևորագույն խաչմերուկներից մեկն են։ FPWC-ն, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և իր իրականացրած բնապահպանական ծրագրերի միջոցով, շարունակում է հետևողականորեն ընդլայնել պահպանվող միջանցքները՝ ապահովելով մեծ կաթնասունների, ինչպես նաև` չվող թռչունների անվտանգ կանգառներն ու բնադրավայրերը։