Բնությունն ու մշակույթը մեկ ընդհանուր ժառանգություն են․ պատասխանատվություն ապագայի հանդեպ

Published on 25/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացված «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի (Nature and Culture Summit 2026) «Պանել 3․ Համայնքահեն տարածքային պահպանություն» (Panel 3: Sustained by Community-Led Area-Based Conservation) քննարկմանը հիմնական զեկույցով հանդես է եկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է բնական լանդշաֆտների և մշակութային ինքնության անխզելի կապին՝ ընդգծելով, որ FPWC-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից վայրի բնության պահպանությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը միավորվել են մեկ ընդհանուր առաքելության մեջ։
Ռուբեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ լանդշաֆտները միայն աշխարհագրական տարածքներ չեն․ դրանք իրենց մեջ կրում են դարերի պատմություն, ավանդույթներ, տեղական գիտելիք և մշակութային ինքնություն։ Հետևաբար, եթե պահպանվում է միայն ֆիզիկական լանդշաֆտը, սակայն անտեսվում են դարերով ձևավորված մշակութային ու մարդկային կապերը, ապա հնարավոր չէ պահպանել այդ տարածքի իրական ու ամբողջական արժեքը։
Մշակութային ու համայնքային այս ներուժի լիարժեք իրացման համատեքստում FPWC-ի տնօրենն անդրադարձել է նաև օրերս Երևանում կայացած «Պետական պահպանվող տարածքներից անդին» (Beyond State Protected Areas) սիմպոզիումի արդյունքներին, որն ամփոփվել է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի (KMGBF) «Նպատակ 3»-ին հասնելու հստակ «Գործողությունների կոչով»։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները և լիարժեք ճանաչել ու աջակցել բնության ավանդական պահապաններին, տեղական համայնքներին ու կառավարման բազմազան մոդելներին։
Ամփոփելով զեկույցը՝ Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ բնապահպանության արդյունավետությունը պահանջում է անցում կատարել միայն պետական կառավարումից դեպի ներառական ու համատեղ պատասխանատվության համակարգեր՝ գործընթացում ներգրավելով տեղական համայնքներին, քաղհասարակությանը և մասնավոր հատվածին․ «Բնությունն ու մշակույթը երկու առանձին ժառանգություններ չեն։ Դրանք մեկ ընդհանուր ժառանգության մաս են, և պաշտպանել մեկը՝ նշանակում է պատասխանատվություն ստանձնել մյուսի համար»։