
Published on 02/12/2024
SunChild 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում «Կենդանական դիմակահանդես» մրցույթի հաղթող թիմերն այցելել են FPWC-ի կրթական էկոկենտրոն։
Դարակերտի Դ. Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի թիմերը շքերթի ժյուրիի կողմից ճանաչվել էին լավագույնները։ Որպես մրցանակ՝ նրանք ստացել էին երկօրյա այց FPWC-ի էկոկենտրոն, որի ընթացքում մասնակցել են տարբեր ինտերակտիվ աշխատարանների։
Աշակերտների այցը համընկել էր FPWC-ի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում արջերի ձմեռային քնի նախապատրաստական շրջանի հետ։ Այցի ընթացքում երեխաները մասնակցել են արջերի համար կազմակերպված տոնական «հրաժեշտի» միջոցառմանը՝ մինչ նրանք կանցնեին ձմեռային քնի։
«Կենդանական դիմակահանդեսը» գունեղ և ոգեշնչող երթ է Երևանի կենտրոնական փողոցներով, որի ընթացքում ներկայացվում են վտանգված կենդանիներին պատկերող տարազներ՝ պատրաստված վերամշակված նյութերից։ Սակայն միջոցառման նպատակը միայն ստեղծագործական արտահայտումը չէ․ այն նաև միտված է երիտասարդների շրջանում կենսաբազմազանության պահպանության կարևոր հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Բացի այդ, նախաձեռնությունը նպաստում է թափոնների կառավարման և նյութերի վերաօգտագործման գործնական հմտությունների զարգացմանը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է օգտագործված նյութերին տալ «երկրորդ կյանք»։