«Իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակները՝ որպես բազմազան կառավարման խթանիչներ»․ քննարկում YCS 2026-ի շրջանակում

Published on 16/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) առաջին օրվա տեղեկատվական նիստերից մեկը նվիրված էր իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ այն շրջանակներին, որոնք առանցքային խթան են բնապահպանական բազմազան կառավարման զարգացման համար։ Բնության պահպանության միջազգային միության Բնության պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (IUCN WCPA) և «The Nature Conservancy» կազմակերպության ներկայացուցիչ Կարոլինա Հազինի մոդերատորությամբ ընթացող քննարկումը միավորել էր միջազգային փորձագետներին ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ վերլուծելու ոչ պետական պահպանվող տարածքների ինստիտուցիոնալացման գործնական ուղիները։

Քննարկման ընթացքում միջազգային փորձագետներ Դանիել Մարնևիկը (IUCN), Մեգան Լաֆերթին (Nature Conservancy of Canada — NCC) և Ջեյմս Ֆիցսիմոնսը (The Nature Conservancy) մանրամասն անդրադարձել են ազգային երկխոսությունների արդյունավետ նախապատրաստմանը, այլ արդյունավետ տարածքահեն պահպանության միջոցների (OECMs) ներդրման մեխանիզմներին և բնապահպանական որակյալ ցուցանիշներին հասնելու գործիքակազմերին։ Բանախոսներն ընդգծել են երեք փոխկապակցված հենասյուների դերը․ պետական քաղաքականությունը սահմանում է ռազմավարական նպատակները, իրավական շրջանակն ապահովում է իրավունքների հստակ պաշտպանությունը, իսկ ինստիտուցիոնալ համակարգը երաշխավորում է պատասխանատվությունն ու գործընթացների երկարաժամկետ շարունակականությունը։

Իրավական և ինստիտուցիոնալ այս մեխանիզմների կիրառումը, սակայն, կարող է լիարժեք արդյունք տալ միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում տեղական համայնքների ու բնիկ ժողովուրդների իրական ներդրումը։ Այս համատեքստում Բրազիլիայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Բերնարդո Իսսա դե Սոուզան և ICCA կոնսորցիումի ներկայացուցիչ Ալի Ռազմխահը շեշտել են, որ Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային «Նպատակ 3»-ի (30x30) իրագործումն անհնար է առանց բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների դարավոր փորձի, նրանց ավանդական տարածքների (Territories of Life) և կառավարման բազմազան մոդելների իրավական լիարժեք ճանաչման։

 

Նիստի մասնակիցները վերահաստատել են, որ միայն ամուր իրավական հիմքերի, գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմների և համայնքային իրավունքների անվերապահ հարգման համադրությամբ է հնարավոր հասնել կայուն, ներառական և արդարացի բնապահպանական արդյունքների համաշխարհային մակարդակով։