FPWC և Fauna&Flora International-ի համատեղ ծրագիրը հաջողությամբ ավարտվեց

Published on 29/03/2021

  2016 թ-ի փետրվարի 26–ին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FWPC), ու իր գործընկեր Fauna & Flora International (FFI) կազմակերպությունը համատեղ համաժողովի ընթացքում ամփոփեցին «Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների առևտրի գնահատում Հայաստանում» ծրագրի հիմնական արդյունքները՝ ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ: Համաժողովին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ՀՀ ԳՆ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության ներկայացուցիչներ: Ծրագրի հիմնական նպատակն էր անդրադարձ կատարել Հայաստանում վայրի կենդանատեսակների ու բուսատեսակների առևտրի բնագավառում առկա խնդիրներին` ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ երեք առանցքային խնդիրների վրա.

  •  առաջնային կարևորության տեսակների և շուկաների ցանցերի առանձնացում
  •  ներքին, ինչպես նաև միջազգային առևտրին վերաբերող օրենսդրական դաշտի սահմանում
  •  առաջարկների և համապատասխան ռազմավարությունների մշակում:

Ծրագիրն իրականացվել է 6 ամիսների ընթացքում՝ 2015-ի սեպտեմբերից մինչև 2016-ի փետրվար ընկած ժամանակահատվածում, ներառելով իրավիճակի վերլուծություն և շուկայի հետազոտություն մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև դաշտային հետազոտական աշխատանքների իրականացում ու հարցազրույցների անցկացում Հայաստանի 14 համայնքներում և երեք թիրախային մարզերում (Արարատ, Վայոց Ձոր և Գեղարքունիք): Ծրագրում ընգրկված էր 96 որսորդ, 43 ձկնորս և 62 վայրի խոտաբույսեր հավաքող: Հետազոտության հիմնական արդյունքներն, ինչպես նաև իրավական դաշտի վերլուծությունը համապատասխան միջամտության առաջարկներով, կամփոփվի համատեղ հաշվետությունում, որը և կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ հետագա քայլերի իրականացման նպատակով: FPWC-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին ու ներգրավված կազմակերպություններին՝ ծրագրի հաջող ավարտին իրենց ներդրումն ունենալու համար:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել