Միջազգային խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR)

Published on 20/10/2026

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում Միջազգային միջկուսակցական խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR)։ Այցելության ընթացքում հյուրերին ներկայացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական հաջողված մոդելն ու տարածաշրջանում իրականացվող առանցքային ծրագրերը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը Հարավային Կովկասում մասնավոր պահպանվող տարածքի առաջին ու խոշորագույն նախաձեռնությունն է։ Պատվիրակության անդամներին ներկայացվել է CWR-ի ստեղծման յուրահատկությունը, որը 2010 թվականին մեկնարկած 500 հեկտարից այսօր ընդլայնվել է՝ հասնելով ավելի քան 35,000 հեկտարի։

Հյուրերը ծանոթացել են տարիների ընթացքում արձանագրված տպավորիչ ցուցանիշներին, որոնք փաստում են պահպանության բարձր արդյունավետությունը․ ռենջերական ծառայության, ժամանակակից տեխնոլոգիաների ու համայնքային ներգրավվածության շնորհիվ տարածքում վերականգնվել են տարածաշրջանի կարմիրգրքյան տեսակների, այդ թվում՝ կովկասյան հովազի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և սիրիական գորշ արջի պոպուլյացիաները։

Այցելության առանցքային ուղղություններից էր FPWC-ի անտառվերականգնման ծրագրին ծանոթացումը։ Խորհրդարանականները շրջայց են կատարել տեղական ծառատեսակների աճեցման ջերմատանը, որտեղ բուծվում են տարածաշրջանի էկոհամակարգերին բնորոշ ծառատեսակներ։

Պատվիրակությանը ներկայացվել են տեղական ծառերի տնկման ու խնամքի մեթոդաբանությունը, ինչպես նաև կլիմայակայուն անտառվերականգնման մոտեցումները, որոնք միտված են դեգրադացված լանդշաֆտների վերականգնմանն ու հողում ածխածնի կլանմանը։

Պատվիրակությունն այցելել է նաև Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ տեղում ծանոթացել է անազատությունից փրկված սիրիական գորշ արջերի բուժման, խնամքի և ապաքինման գործընթացին։

FPWC-ի մասնագետները ներկայացրել են «Great Bear Rescue» նախաձեռնության արդյունքները․ 2017 թվականից ի վեր կենտրոնն ընդունել ու ապաքինել է անազատության մեջ կամ անբարենպաստ պայմաններում պահվող 50-ից ավելի արջերի։ Խորհրդարանականները բարձր են գնահատել կենտրոնի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների ու պետական մարմինների հետ համագործակցության FPWC-ի մոդելը, որը կանխարգելում է վայրի կենդանիների ապօրինի պահումն ու առևտուրը։

Միջազգային պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են կիսել CWR-ի դաշտային աշխատանքների, տեխնիկական հագեցվածության և համայնքահեն պահպանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ FPWC-ի փորձը լավագույն օրինակներից է, թե ինչպես քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են իրականացնել լանդշաֆտային մակարդակի արդյունավետ պահպանություն՝ նպաստելով Կունմինգ-Մոնրեալի 3-րդ թիրախի (30x30) իրագործմանը։