Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է FPWC-ի բնապահպանական ենթակառուցվածքներ

Published on 30/10/2026

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պատվիրակությանը՝ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, սննդի և գյուղական հարցերի (Defra) նախարար Ջենի Ռիդել-Քարփենթերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Միացյալ Թագավորության բնապահպանական ոլորտի առաջատար ղեկավարներն ու փորձագետները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Բնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռութ Դեյվիսը, Defra-ի գլխավոր գիտական խորհրդատու պրոֆեսոր Անջալի Գոսվամին, Defra-ի միջազգային կենսաբազմազանության և կլիմայի հարցերով տնօրեն Անդրեա Լեդվարդը, «The Guardian» պարբերականի բնապահպանական առաջատար լրագրող Փաթրիկ Գրինֆիլդը, ինչպես նաև Defra-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության (FCDO) բարձրաստիճան ներկայացուցիչներ ու քաղաքականության փորձագետներ։
Այցի շրջանակում հյուրերը եղել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), որտեղ տեղում ծանոթացել են FPWC-ի՝ 35,000 հեկտար տարածք ընդգրկող ոչ պետական պահպանվող տարածքի (PPA) կառավարման մոդելին, ինչպես նաև կովկասյան հովազի և հազվագյուտ տեսակների պահպանության ծրագրերին։ Պատվիրակությունն այցելել է նաև հիմնադրամի տնկարանային ու ջերմոցային համալիր՝ ծանոթանալով տեղական ծառատեսակների աճեցման, անտառների և դեգրադացված լանդշաֆտների էկոհամակարգային վերականգնմանն ուղղված FPWC-ի ռազմավարական ծրագրերին։
Այցի առանցքային կանգառներից էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC), որտեղ հյուրերը ծանոթացել են վայրի կենդանիների փրկության և վերականգնման՝ FPWC-ի կողմից կիրառվող մեթոդաբանությանը, իսկ բրիտանական պատվիրակությանը ներկայացվել են անազատությունից ու ոչ պատշաճ պայմաններից փրկված արջերի պատմությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Defra-ի ֆինանսավորմամբ և «Darwin Initiative»-ի միջոցով իրականացվող «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրին՝ ներկայացնելով մարդ-արջ կոնֆլիկտի մեղմմանն ու կանխարգելմանն ուղղված FPWC-ի կատարած ծավալուն աշխատանքները։
Միացյալ Թագավորության բարձրաստիճան պատվիրակության այցը FPWC-ի ենթակառուցվածքներ մեկ անգամ ևս ընդգծում է հիմնադրամի բնապահպանական մոդելի միջազգային ճանաչումն ու դերը Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման գործում։