
Published on 05/02/2026
Մեծ պատիվ էր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) հյուրընկալել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Այցի ընթացքում FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը դեսպանին ներկայացրեց հիմնադրամի բնապահպանական գործունեությունն ու կենդանիների բարեկեցությանն ուղղված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է FPWC-ի և բրիտանական գործընկերների, այդ թվում՝ BirdLife International-ի և World Land Trust-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Darwin Initiative և ELSP (Endangered Landscapes & Seascapes Programme) ծրագրերի ազդեցությանը, որոնք առանցքային դեր ունեն Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանության և համայնքահեն բնապահպանության խթանման գործում:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (CBD COP17)։ Սա պատմական հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու բնապահպանական նորարարական մոդելները, միջազգային համագործակցության հաջողված փորձը և քաղաքացիական հասարակության վճռորոշ դերը բնության պահպանության գործում:
Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական ներգրավվածությունն ու գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանի և ողջ տարածաշրջանի բնության պահպանության։
FPWC-ի և Միացյալ Թագավորության բնապահպանական կառույցների համագործակցությունը հիմնադրամի հաջողության գրավականներից է: Բրիտանական փորձագիտական աջակցությունը թույլ է տվել Հայաստանում ներդնել բնապահպանության այնպիսի գիտահեն գործիքներ, ինչպիսիք են.
- Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) ստեղծվել է World Land Trust-ի հետ համատեղ՝ դառնալով տարածաշրջանում մասնավոր պահպանվող տարածքի առաջին և ամենահաջողված օրինակը:
- Darwin Initiative-ի միջոցով իրականացվող ծրագրերը թույլ են տալիս գիտական հետազոտությունները վերածել գործնական բնապահպանական լուծումների՝ միաժամանակ զարգացնելով տեղական համայնքների տնտեսությունը:
Այս այցն ընդգծում է այն փաստը, որ բնապահպանությունը սահմաններ չի ճանաչում, և միջազգային դիվանագիտությունն ու մասնագիտական համագործակցությունը լավագույն գրավականն են կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար: