
Published on 24/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության կարողությունների զարգացման ֆորում 2026»-ին (2026 Biodiversity Capacity-Building and Development Forum) հիմնական զեկույցով հանդես է եկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է համաշխարհային բնապահպանական թիրախները գործնական արդյունքների վերածելու առանցքային նախապայմաններին՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործումը նախևառաջ պահանջում է վերացնել առկա խզումը թղթի վրա ստանձնած ազգային հանձնառությունների և դաշտային իրական արդյունքների միջև։
Այս բացը լրացնելու տեսանկյունից վճռորոշ է ազգային բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման ներառականությունը։ Ռուբեն Խաչատրյանը շեշտել է, որ Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը (NBSAP) չպետք է մնան միայն որպես կառավարական փաստաթղթեր․ արդյունավետության հասնելու համար հասարակական կազմակերպությունները, գիտական ինստիտուտներն ու տեղական համայնքները պետք է լիարժեք ներգրավվեն պլանավորման, իրականացման և մոնիթորինգի հենց սկզբնական փուլերից։
Ոչ պետական դերակատարների ինստիտուցիոնալ կարողությունների ու փորձառության գործնական ապացույցը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 16 տարվա պատմությունն է և ավելի քան 30,000 հեկտար պահպանվող տարածքը։ Այս երկարամյա փորձը փաստում է, որ հասարակական և համայնքային կառույցներն ունեն հսկայական ռեսուրսներ ու մասնագիտական գիտելիք՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի առանցքային թիրախներին, մասնավորապես՝ Թիրախ 2-ին, 3-ին, 4-ին, 10-ին և 20-ին հասնելու գործում։
Ամփոփելով զեկույցը՝ FPWC-ի տնօրենը կարևորել է ֆինանսավորման և կառավարման մոտեցումների համակարգային վերանայումը՝ ընդգծելով, որ արդյունավետ բնապահպանությունը պահանջում է հեռանալ կարճաժամկետ դրամաշնորհային տրամաբանությունից և անցում կատարել երկարաժամկետ, կանխատեսելի ֆինանսավորման ու կայուն ինստիտուցիոնալ համակարգերի։