Գիտական տվյալներից դեպի արդյունավետ որոշումներ․ COP17-ի շրջանակում քննարկվել է գիտության և քաղաքականության փոխկապակցվածության ամրապնդումը

Published on 23/10/2026

Որակյալ գիտական տվյալներն անհրաժեշտ են, սակայն դրանք իրական արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ հիմք են դառնում քաղաքական որոշումների կայացման համար։ Այս առանցքային գաղափարի շուրջ էր ծավալվել հոկտեմբերի 21-ին COP17-ի շրջանակում անցկացված «Հայաստանում, Արևելյան Եվրոպայում և Կովկասում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) ընկալման և իրագործման բարելավման նպատակով գիտություն-քաղաքականություն փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով քննարկումը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին CO-OP4CBD նախաձեռնությունը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, WWF Հայաստանը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), IbN-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցը (GYBN)։
Քննարկման ընթացքում IUCN-ի ներկայացուցիչ Թոմասո Դեմոզին (Tommaso Demozzi) առանձնացրել է երեք հիմնական ուղղություն, որոնց միջոցով միությունն աջակցում է գիտական գիտելիքի և գործնական քայլերի միջև առկա բացը լրացնելուն։ Առաջին ուղղությունը հուսալի գիտական հիմքերի տրամադրումն է․ IUCN-ի Վտանգված տեսակների կարմիր ցուցակից մինչև նոր ներդրված «Արդյունավետ և արդարացի պահպանվող և պահպանության տակ գտնվող տարածքների IUCN գլոբալ ստանդարտը»՝ կազմակերպությունը տրամադրում է ապացույցներ, գործիքակազմ և չափանիշներ, որոնք ուղղորդում են բնապահպանական որոշումները։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ գիտությունը պահանջում է շարունակական ներդրումներ, իսկ գիտնականները պետք է անմիջականորեն ներգրավված լինեն քաղաքականության մշակման քննարկումներում, որպեսզի հետազոտությունները վերածվեն գործնական քայլերի։
Երկրորդ առանցքային ուղղությունը բնապահպանական քաղաքականության ձևավորմանն աջակցելն է։ IUCN-ն աշխատում է տարբեր երկրներում և տարածաշրջաններում՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանման գլոբալ հանձնառությունների իրագործմանը։ Այս աշխատանքը ներառում է ինչպես աջակցությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության տեխնիկական և գիտական համագործակցության աջակցության կենտրոնների միջոցով, այնպես էլ բնության պահպանության առաջմղումն Արևմտյան Բալկաններում՝ Արևմտյան Բալկանների կանաչ օրակարգի բնության և կենսաբազմազանության ուղղության համակարգման, ինչպես նաև վերջերս հաստատված Արևմտյան Բալկանների վեց երկրների կենսաբազմազանության 2030 ռազմավարական ծրագրի և Անտառային լանդշաֆտների վերականգնման ծրագրի շրջանակում։
Երրորդ կարևոր բաղադրիչը մարդկանց և կառույցների համախմբումն է, քանի որ արդյունավետ բնապահպանական քաղաքականությունը կախված է այն մշակող և իրականացնող դերակատարներից։ Միջոցառումն ու բանախոսների կազմն արտացոլում էին IUCN-ի անդամակցության լայն ընդգրկումը՝ միավորելով ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Երևան քաղաքի ներկայացուցիչներին։ Այս համագործակցության միջոցով IUCN-ն աջակցում է իր անդամներին՝ ամրապնդելու բնության պահպանությունը Հայաստանում և ներկայացնելու սեփական փորձառությունն ու տեսլականը միջազգային բնապահպանական երկխոսության հարթակներում։