Մեղրից մինչև էկոտուրիզմ․ ինչպես է Վայոց ձորը ճանապարհ հարթում մարդ-վայրի բնություն համակեցության համար

Published on 10/07/2024

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC) Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում, իրականացնում է մարդ-վայրի բնություն հակամարտությունների մեղմման ամենախոշոր ծրագրերից մեկը։ «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի բնություն հակամարտությունների մեղմում Հայաստանում» խորագրով այս նորարարական նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից՝ Darwin Initiative ծրագրի շրջանակում, կենտրոնացած է կլիմայի փոփոխությունից բխող հրատապ մարտահրավերների հաղթահարման վրա։ Այս փոփոխություններն ավելի հաճախակի են դարձրել մարդկանց և վայրի կենդանիների շփումները՝ զգալի ազդեցություն ունենալով տեղական համայնքների կենսամիջոցների վրա։

Համայնք՝ մարտահրավերի առաջնագծում

Այս ծրագրի առանցքում գտնվում է Եղեգիս համայնքը, որը Վայոց ձորում առաջատար դիրք ունի մեղվաբուծության ոլորտում։ Ծրագրի մեկնարկին համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշել է.
«2020 թվականին մենք ունեցել ենք 5000 մեղվափեթակ, իսկ այժմ դրանց թիվը հասնում է 6300-ի»։

Մեղվաբուծությունը համայնքում արագ զարգացել է՝ դառնալով տնտեսության երկրորդ ամենակարևոր ուղղություններից մեկը։

Սակայն այս հաջողությունն իր հետ բերել է նաև նոր խնդիրներ։ Մեղվաբուծության աճին զուգահեռ ավելի հաճախակի են դարձել վայրի կենդանիների, հատկապես սիրիական գորշ արջերի (Ursus arctos syriacus), այցելությունները, որոնք վնասում են փեթակները և գյուղատնտեսական այլ ռեսուրսներ։ Տնտեսական զարգացման և վայրի բնության ներկայության միջև աճող այս լարվածությունը ևս մեկ անգամ ընդգծում է այնպիսի նորարարական լուծումների անհրաժեշտությունը, որոնք միաժամանակ կպաշտպանեն թե՛ մարդկանց ապրուստի միջոցները, թե՛ շրջակա միջավայրը։

FPWC-ի նորարարական մոտեցումը․ բնահեն լուծումներ՝ հանուն համակեցության

FPWC-ի ծրագիրը ներկայացնում է առաջադեմ, բնահեն լուծումներ, որոնք նպատակ ունեն մեղմելու այս հակամարտությունները և խթանելու մարդկանց ու վայրի կենդանիների ներդաշնակ համակեցությունը։ Մեր մոտեցումը միավորում է նորարարական տեխնոլոգիաները և աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունները՝ համայնքներին հետագա վնասներից պաշտպանելու և միաժամանակ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը պահպանելու համար։

Ծրագիրը միտված է ոչ միայն տեղական տնտեսությունների պաշտպանությանը, այլև հակամարտության խորքային պատճառների լուծմանը, որոնք սրվում են կլիմայի փոփոխության պայմաններում։ FPWC-ի տեսլականն է Վայոց ձորը դարձնել օրինակելի տարածաշրջան, որը ցույց կտա, թե ինչպես կարող են բնահեն լուծումները նվազեցնել փոփոխվող էկոհամակարգերից բխող ռիսկերը և խթանել կայուն, երկարաժամկետ դիմակայունությունը։

Համակեցություն և էկոտուրիզմի զարգացում

Այս նախաձեռնությունը դուրս է գալիս միայն հակամարտությունների մեղմման շրջանակից․ այն նաև նպատակ ունի Վայոց ձորը ներառել ավելի լայն էկոտուրիզմի զարգացման ռազմավարության մեջ։ Քանի որ մարզը գնալով ավելի գրավիչ է դառնում որպես զբոսաշրջային ուղղություն, առկա է մեծ ներուժ՝ համատեղելու տնտեսական զարգացումն ու բնապահպանությունը։

Տեղական համայնքների և վայրի բնության միջև ներդաշնակ հարաբերությունների ձևավորմամբ FPWC-ն ձգտում է Վայոց ձորը դարձնել առաջատար օրինակ այն բանի, թե ինչպես կարող է էկոտուրիզմը զարգանալ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հետ զուգահեռ։

Ճանապարհ դեպի կլիմայական դիմակայունություն և վայրի բնության պաշտպանություն

Վայոց ձորում FPWC-ի իրականացրած աշխատանքը ներկայացնում է մասշտաբավորվող և ազդեցիկ մոտեցում՝ ուղղված աղետների ռիսկի կառավարմանը, վայրի բնության պաշտպանությանը և կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը։ Մեր երկարաժամկետ տեսլականն է ապահովել, որ Վայոց ձորը շարունակի զարգանալ թե՛ որպես տնտեսական ակտիվության կենտրոն, թե՛ որպես կենսաբազմազանության կարևոր օջախ՝ ապացուցելով, որ բնահեն լուծումները կարող են մարտահրավերները վերածել հնարավորությունների։

 

Նորարարական և համայնքահեն ջանքերի շնորհիվ Վայոց ձորը ձևավորվում է որպես կայուն կյանքի, կլիմայական դիմակայունության և էկոտուրիզմի օրինակ, որտեղ մարդու կենսամիջոցներն ու վայրի բնությունը ոչ միայն համատեղ գոյակցում են, այլ նաև զարգանում միասին։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել