FPWC-ի ռեյնջերների թիմը արժանացել է IUCN WCPA միջազգային ռեյնջերական մրցանակների

Published on 09/05/2023

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռեյնջերների թիմը արժանացել է 2022 թվականի IUCN WCPA միջազգային ռեյնջերական մրցանակին, որը շնորհվում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից։ FPWC-ն առաջին կազմակերպությունն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, որը ստացել է այսքան բարձր և հեղինակավոր մրցանակ։

Մրցանակների մասին պաշտոնապես հայտարարվել է այժմ ընթացող Աֆրիկայի պահպանվող տարածքների կոնգրեսի ընթացքում։ Մրցանակը նաև դրամական է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ IUCN-ը բարձր է գնահատել հիմնադրամի և նրա ռեյնջերների երկարամյա աշխատանքն ու նվիրվածությունը։ Ամեն տարի կազմակերպությունը ընտրում է լավագույն թիմերին, որոնք արժանանում են այս բարձր և հեղինակավոր մրցանակին։ Ուրախ եմ, որ հիմնադրամի ռեյնջերների աշխատանքը գնահատվում է միջազգային հանրության կողմից»,– նշել է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

 

Հարկ է նշել, որ Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրներով։ Այն հիմնադրվել է 1948 թվականին և ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդի կարգավիճակ։ Միության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Գլանդ քաղաքում։ Միության անդամ են 82 պետություններ և 111 կազմակերպություններ։ Հայաստանից IUCN-ի անդամ կազմակերպություններն են FPWC-ն և «ArAves» ՀԿ-ն։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել