FPWC-ի տնօրենը ներկայացնում է Հայաստանը EAZA 2025 համաժողովին

Published on 16/09/2025

FPWC-ն և EAZA-ն ընդլայնում են համագործակցությունը վայրի բնության պահպանության ոլորտում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ելույթ է ունեցել Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) 2025 թվականի տարեկան համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող բնապահպանական երկու առանցքային նախաձեռնություն.
- Մարդ-արջ հակամարտության մեղմում՝ բնահեն լուծումների կիրառմամբ,
- Որբացած արջի ձագերի վերադարձը վայրի բնություն՝ հիմնված գիտական հետազոտությունների և մշտադիտարկման ժամանակակից տեխնոլոգիաների վրա։
Որպես EAZA-ի Գորշ արջերի եվրոպական ծրագրի (EEP) փոխհամակարգող, Ռուբեն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է EAZA համայնքի՝ որպես բնապահպանական հուսալի գործընկերոջ դերի հզորացումը։ Նա նշել է, որ կենդանաբանական հաստատությունների փորձառության համադրումը վայրի բնության պահպանության գործնական կարիքների հետ ստեղծում է նոր հնարավորություններ տեսակների պաշտպանության համար: EAZA-ի անդամ այգիներն առանցքային դերակատարում ունեն դաշտային նախագծերին աջակցելու և տեսակների բնական արեալներում դրանց պահպանման գործում։
FPWC-ի տեսլականն է ընդլայնել համագործակցությունը EAZA-ի անդամների լայն ցանցի հետ՝ ուժեղացնելու in-situ (բնական միջավայրում) պահպանությունը և երաշխավորելու, որ վայրի կենդանիները շարունակեն ապրել և բազմանալ այնտեղ, որտեղ իրենց իրական տեղն է՝ ազատ բնության մեջ։
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան (EAZA) ոլորտի ամենահեղինակավոր միջազգային կառույցներից մեկն է, որը միավորում է ավելի քան 400 հաստատություն 48 երկրներում: EAZA-ն առաջնորդվում է բնապահպանական բարձրագույն չափանիշներով և կենդանիների բարեկեցության խիստ կանոններով:

FPWC-ի և EAZA-ի երկարամյա գործընկերությունը թույլ է տալիս Հայաստանում ներդնել միջազգային լավագույն փորձը, հատկապես վտանգված տեսակների վերականգնման և վերաբնակեցման հարցերում: Ռուբեն Խաչատրյանի ներգրավվածությունը որպես EEP փոխհամակարգող վկայում է Հայաստանի մասնագիտական ներուժի բարձր գնահատականի մասին՝ հնարավորություն տալով մեր երկրին մասնակցել գլոբալ բնապահպանական որոշումների կայացմանը:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել