Մարդ-արջ կոնֆլիկտի լուծման ուղիները՝ դպրոցականների կենտրոնում. FPWC-ի նոր հանդիպումները Վայոց Ձորում

Published on 21/05/2026

«Արենի համայնքի դիմակայունության հզորացում և համակեցության խթանում՝ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման և ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում մեկնարկել է տեղական համայնքների կրթական ու իրազեկման արշավը։

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագիտական թիմը հանդիպումներ է ունեցել Արենի և Ելփին բնակավայրերի դպրոցականների հետ։ Հիշեցնենք, որ այս կարևոր նախաձեռնությունն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ ունեցած արդյունավետ աշխատանքային քննարկումներից հետո, հիմնադրամն այս անգամ թիրախավորել է երիտասարդ սերնդին, քանի որ հենց նրանք են համայնքների ապագա կայուն զարգացման և բնության հետ ներդաշնակ համակեցության կրողները։

Աշակերտների հետ հանդիպման առանցքում մարդ-արջ կոնֆլիկտի առաջացման պատճառահետևանքային կապերն էին։ Ակտիվ և ինտերակտիվ երկխոսության ընթացքում քննարկվեցին հետևյալ առանցքային թեմաները.

- Մարդու և համայնքների ազդեցությունը. թե ինչպես է մարդու տնտեսական գործունեությունն անդրադառնում վայրի կենդանիների բնական կենսատարածքների վրա և ինչու է արջերի հայտնվելը բնակավայրերում դարձել սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավեր։

- Կոնֆլիկտի լուծման ուղիները. աշակերտներին ներկայացվեցին ժամանակակից տեխնիկական այն լուծումները (օրինակ՝ էլեկտրական հովիվների կիրառումը), որոնք թույլ են տալիս պաշտպանել համայնքի բնակիչների բերքն ու անասնապահությունն՝ առանց վայրի բնությանը վնաս հասցնելու։

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ ու ակտիվությամբ ներգրավվեցին քննարկման մեջ՝ բարձրաձայնելով իրենց բնակավայրերում իրական խնդիրները, կիսվելով սեփական դիտարկումներով և առաջարկելով նորարարական լուծումներ։

FPWC-ն վերահաստատում է, որ համայնքների դիմակայունության հզորացումը հնարավոր է միայն համապարփակ մոտեցմամբ, որտեղ կրթությունն ու տեղական ներուժի, այդ թվում՝ երիտասարդների իրազեկվածության բարձրացումն ունեն ռազմավարական նշանակություն։