
Published on 17/11/2026
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) շրջանակում կայացել է «Ֆինանսավորելով բնապահպանությունը պետական պահպանվող տարածքներից դուրս» խորագրով պանելային քննարկումը։ UNDP Planet Hub-ի ներկայացուցիչ Օննո վան դեն Հեյվելի մոդերատորությամբ ընթացող նիստը համախմբել է միջազգային կառույցների, բիզնես հատվածի և բնապահպանական առաջնորդներին՝ քննարկելու պետական պահպանվող տարածքներից դուրս գտնվող էկոհամակարգերի կայուն ֆինանսավորման և խրախուսման գործնական մոդելները։
Քննարկման առանցքում առաջին հերթին ֆինանսական ռեսուրսների արդարացի բաշխման և տեղական համայնքների իրական կարիքների հաշվառման հարցն էր։ IEC-ի ներկայացուցիչ Վարինկվի Ֆլորեսն անդրադարձել է միջազգային հարթակներում տարածված կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությանը․ «Միջազգային հարթակներում դեռևս տիրապետում է այն թյուր պատկերացումը, թե բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները չունեն ֆինանսական միջոցների կարիք, քանի որ ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց աշխատանքը «կամավոր» է։ Սակայն տեղական համայնքներն ունեն կրթության, առողջապահության և կենսապահովման իրական կարիքներ. բնապահպանական ֆինանսավորումը պետք է հաշվի առնի տեղական ոչ ֆորմալ տնտեսություններն ու արդարացիորեն փոխհատուցի այդ պահպանությունը»։
Տեղական համայնքների ու դաշտային աշխատանքների կայուն աջակցությունն ապահովելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և հարկային նորարարական լուծումներ, որոնք կխթանեն մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Այս համատեքստում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում կիրառված հաջողված փորձը․ «IUCN-ի մեր գործընկերների հետ դեռ տարիներ առաջ փորձում էինք Հայաստանում առաջ տանել բնապահպանական նախաձեռնություններին ուղղվող 0.25% հարկային նվազեցման մեխանիզմը։ Թեև ճանապարհին բազմաթիվ օրենսդրական ու կազմակերպչական խոչընդոտներ եղան, այսօր կանաչ բիզնեսների հետ ստեղծված հարթակի շնորհիվ այդ 0.25%-ն ուղղվում է բնապահպանական իրական նախագծերի ու պահպանության ֆինանսավորմանը»։
Պետական և հարկային մեխանիզմներին զուգահեռ՝ բիզնես հատվածի ուղղակի ներգրավվածությունը նույնպես կարող է ապահովել երկարաժամկետ ու կանխատեսելի արդյունքներ։ PURO Coffee ընկերության ներկայացուցիչ Էնդի Օրչարդը կիսվել է իրենց բիզնես մոդելով, որն անմիջականորեն կապում է սպառողական շուկան բնության պահպանության հետ․ «Կորպորատիվ ֆինանսավորման կրճատման պայմաններում PURO Coffee-ն ստեղծել է ապրանքի վրա հիմնված երկարաժամկետ մոդել։ Սուրճի յուրաքանչյուր գավաթի վաճառքից գոյացած միջոցներով մենք ուղղակիորեն ֆինանսավորում ենք FPWC-ի ավելի քան 3,000 հեկտար տարածքով ապաստարանի պահպանությունը՝ աջակցելով այն նվիրյալ մարդկանց, ովքեր տեղում իրականացնում են այդ անհավանական աշխատանքը»։
Նման բազմաբնույթ նախաձեռնությունների ընդլայնումը ցույց է տալիս, որ համաշխարհային մակարդակում ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ճկուն մոտեցում։ «Sustainable Finance Coalition» նախաձեռնության ներկայացուցիչ Քենդիս Սթիվենսը շեշտել է տեղական առանձնահատկություններին համահունչ գործիքակազմի ընտրության կարևորությունը․ «Աֆրիկայում և ամբողջ աշխարհում մեր գործընկերներից հաճախ ենք լսում՝ «Մենք գիտենք, որ ֆինանսական ռեսուրսներ կան, բայց չգիտենք, թե որն է դրանք բացելու կոնկրետ բանալին»։ Չկա ունիվերսալ «կախարդական փամփուշտ». ինչպես բազմազան են պահպանվող էկոհամակարգերն ու կառավարման ձևերը, այնպես էլ անհրաժեշտ է ֆինանսական գործիքների բազմազանություն՝ տեղական իրական կարիքներին համապատասխանելու համար»։
Ֆինանսական գործիքների այս բազմազանությունը գործնականում առավել արդյունավետ է դառնում, երբ նվազեցվում են տեղական նախաձեռնությունների ռիսկերը և ապահովվում է միջոցների ուղղակի հասանելիությունը։ Ամփոփելով քննարկումը՝ ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) ներկայացուցիչ Թերենս Հեյ-Էդին ներկայացրել է փոքր դրամաշնորհների ծրագրի փորձը․ «GEF Small Grants Programme-ի փորձը ցույց է տալիս, որ համայնքներին ու տեղական կազմակերպություններին ֆինանսական ռեսուրսների ուղղակի հասանելիություն տրամադրելը վճռորոշ է։ SATOYAMA և COMDEKS նախաձեռնությունների միջոցով մենք կիրառում ենք լանդշաֆտային մոտեցում և վարկային երաշխիքներ, որոնք նվազեցնում են ռիսկերը համայնքային ձեռնարկությունների համար և բազմապատկում բնապահպանական ազդեցությունը»։
Պանելային քննարկումը մեկ անգամ ևս ընդգծեց մասնակիցների միասնական տեսլականը՝ ձևավորել կայուն, ներառական և նորարարական ֆինանսական լուծումներ՝ հանուն պետական պահպանվող տարածքներից դուրս բնության արդյունավետ ու երկարաժամկետ պահպանության։