
Published on 30/06/2026
COP17 մեդիա դպրոցի մասնակիցների երկօրյա արտագնա այցի երկրորդ օրը նվիրված էր բնապահպանական առավել սուր, իրավական և հանրային հնչեղություն ունեցող խնդիրների խորքային ուսումնասիրմանը։ Եթե ճանապարհորդության առաջին օրը լրագրողները ծանոթացան Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) կառավարման այլընտրանքային մոդելներին ու տեխնոլոգիական հնարավորություններին, ապա երկրորդ օրվա օրակարգը կենտրոնացած էր կենդանիների բարեկեցության, ապօրինի առևտրի դեմ պայքարի և մեդիա գործիքների գործնական կիրառության վրա։
Օրը մեկնարկեց վաղ առավոտյան կամընտրական քայլարշավով դեպի 10-րդ դարի պատմական հոյակերտ հուշարձան՝ Տափի բերդ (Գևորգ Մարզպետունի ամրոց)։ Այս քայլարշավի նպատակն էր մեդիա դաշտի ներկայացուցիչներին ցույց տալ պատմամշակութային ժառանգության և բնական լանդշաֆտի անքակտելի կապն ու ներդաշնակությունը։
Օրվա առանցքային և թերևս ամենատպավորիչ փուլը Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) կատարած այցն էր։ Կենտրոնի բարդ ու պատասխանատու գործունեությունը, արջերի փրկության ծրագիրն ու քոթոթների վերականգնողական կենտրոնի առաքելությունը լրագրողներին ներկայացրեց WRC կենդանիների խնամքի համակարգող Նարինե Փիլոյանը։
Լրագրողները մանրամասն ծանոթացան կենդանիների խնամքի և բարեկեցության միջազգային չափանիշներին, իսկ բնության գրկում ծնված և որբացած քոթոթների դեպքում` բնություն ազատ արձակման բարդ, բազմափուլ գործընթացին։ Շրջայցի ընթացքում մասնագիտական բացառիկ նվիրվածության յուրահատուկ դրսևորում էր այն, որ բանախոսը՝ Նարինե Փիլոյանը, չկարողացավ թաքցնել իր անկեղծ հուզմունքը՝ լրագրողներին պատմելով տարիներ շարունակ անազատության ու ծանր պայմանների մեջ տառապած, բայց կենտրոնի շնորհիվ վերականգնված և երկրորդ կյանք ստացած արջերի պատմությունները։ Այս նուրբ, բայց խորը էմոցիոնալ անդրադարձը մասնակիցներին թույլ տվեց խնդիրը տեսնել ոչ միայն չոր վիճակագրության կամ տեսական կանոնների, այլև բարձրագույն էթիկայի ու մարդասիրական պրիզմայով։
Արտագնա այցի հաջորդ տեսական-գործնական սեսիան նվիրված էր միջազգային ամենասուր էկո-հանցագործություններից մեկին՝ վայրի կենդանիների ապօրինի առևտրին։ Անկախ լրագրող Մարիամ Տաշչյանը ներկայացրեց ոլորտի գլոբալ միտումներն ու տեղական մարտահրավերները։
Բանախոսը խորությամբ անդրադարձավ լրագրողական հետաքննության նրբություններին՝ մասնակիցներին ցույց տալով, թե ինչպես է այս ապօրինի շղթան անմիջականորեն կապվում COP17-ի օրակարգի և CITES-ի կարգավորումների հետ։ Սեսիայի ընթացքում վերլուծվեցին հանրային լուսաբանման ամենազդեցիկ մեդիա գործիքները, որոնք կարող են նպաստել խնդրի հանրայնացմանն ու իրավական լուծումներին։
Արտագնա այցի եզրափակիչ փուլում տեղի ունեցավ «Կենսաբազմազանության ապագան. պահպանության այլընտրանքային մոդելներ» թեմայով հեղինակային նյութերի պատրաստման մրցույթի պաշտոնական մեկնարկը։
Լրագրողների այցն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) կողմից՝ COP-17 մեդիա դպրոցի շրջանակում։
COP-17 մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ։