
Published on 17/11/2026
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) շրջանակում տեղի է ունեցել «Ֆինանսավորման նախագծում՝ արդյունավետ և արդարացի բնապահպանության համար» խորագրով պանելային քննարկումը։ ՄԱԶԾ Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնության (UNDP BIOFIN) ներկայացուցիչ Մարտին Կադենա Սալգադոյի մոդերատորությամբ ընթացող նիստի առանցքում բնապահպանական ֆինանսավորման արդարացիության, երկարաժամկետ կայունության և մասնավոր հատվածի ռազմավարական ներգրավվածության հարցերն էին։
Քննարկման ընթացքում միջազգային դոնորների և տեղական կազմակերպությունների միջև արդյունավետ երկխոսության կարևորությանն է անդրադարձել «World Land Trust» կազմակերպության ներկայացուցիչ Քեթրին Բարնարդը․ «Մեր դերն է ծառայել որպես կամուրջ միջազգային դոնորների և տեղական գործընկերների միջև՝ համադրելով գլոբալ ֆինանսական առաջնահերթությունները տեղական իրական կարիքների հետ։ Բնապահպանական գլոբալ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են ճկուն, երկարաժամկետ ֆինանսավորման մոդելներ և նորարարական ծրագրերի հարցում ռիսկի դիմելու պատրաստակամություն»։
Այս երկարաժամկետ գործընկերության գործնական հաջողության վառ օրինակը ներկայացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչ Սոնա Քալանթարյանը՝ անդրադառնալով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) զարգացման ուղուն․ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը սկսվել է ընդամենը 500 հեկտարից և «World Land Trust»-ի ու մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է՝ այսօր ընդգրկելով Հայաստանի տարածքի ավելի քան 1%-ը։ Մեր գլխավոր մարտահրավերը համայնքների երկարաժամկետ կարիքները միջազգային դոնորների փոփոխվող առաջնահերթություններին համապատասխանեցնելն է»։
Մասնավոր պահպանվող տարածքների ընդլայնման համար նոր ֆինանսական հոսքերի ներգրավման հեռանկարներն է ներկայացրել «The Nature Conservancy» կազմակերպության և Բնության պահպանության միջազգային միության Բնության պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (IUCN WCPA) ներկայացուցիչ Ջեյմս Ֆիցսիմոնսը․ «Մասնավոր պահպանվող տարածքները (PPAs) վճռորոշ նշանակություն ունեն համաշխարհային 30x30 թիրախին հասնելու գործում։ Ավստրալիայում մենք աջակցում ենք կենսաբազմազանության առաջին ազգային շուկայի ստեղծմանը, ինչը նոր հնարավորություններ է բացում մասնավոր կապիտալը բնության պահպանությանն ուղղելու համար»։
Մասնավոր հատվածի ռազմավարական ներգրավվածության թեման ամփոփել է սիմպոզիումի ռազմավարական գործընկեր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով շարունակական ներդրումների կարևորությունը․ «Որպես սիմպոզիումի ռազմավարական գործընկեր՝ Ucom-ը բնության պահպանությունը դիտարկում է ոչ թե որպես կարճաժամկետ բարեգործություն, այլ որպես ռազմավարական Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (CSR)։ Համակարգային փոփոխությունները պահանջում են տարիների հետևողական ջանքեր, և մենք հավատարիմ ենք մնում երկարաժամկետ կայունության տեսլականին»։
Պանելային քննարկումը մեկ անգամ ևս վերահաստատեց մասնակիցների միասնական տեսլականը՝ ձևավորել արդարացի, ռազմավարական և երկարաժամկետ ֆինանսական մեխանիզմներ՝ հանուն կենսաբազմազանության արդյունավետ պահպանության։