
Published on 26/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Ucom ընկերության նախաձեռնությամբ կայացել է «Կապը որպես բնապահպանական ենթակառուցվածք․ ո՞վ է ֆինանսավորում անմարդաբնակ տարածքների ծածկույթը» խորագրով պանելային քննարկումը։ Նիստի առանցքում էկոլոգիապես արժեքավոր, սակայն մարդկանցով չբնակեցված տարածքներում անխափան ցանցային ծածկույթի ապահովման մարտահրավերներն ու գործնական լուծումներն էին։ Ներկայացնելով դաշտային աշխատանքների տեսանկյունից կապի կարևորությունը՝ FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ անխափան կապը կենսական նշանակություն ունի ինչպես անտառապահների անվտանգության ապահովման, այնպես էլ բնապահպանական ապօրինություններին արագ և օպերատիվ արձագանքելու գործում։
Տեխնոլոգիական ենթակառուցվածքների այս նշանակությունը միջազգային հաջողված փորձով է հիմնավորել CCF կազմակերպության ներկայացուցիչ Սոֆի Մաքսուելը։ Նրա ներկայացմամբ՝ Աֆրիկայի ավելի քան 50 պահպանվող տարածքների փորձը փաստում է, որ ժամանակակից կապի միջոցների ներդրման շնորհիվ որսագողության դեպքերը նվազել են մինչև 96%-ով՝ միաժամանակ ստեղծելով արդյունավետ մեխանիզմներ մարդ-վայրի բնություն հնարավոր կոնֆլիկտները կանխելու համար։
Անդրադառնալով նմանատիպ տարածքներում կապի ապահովման կոմերցիոն և կարգավորող կողմերին՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ մարդկանցով չբնակեցված տարածքներում ցանց կառուցելը թեև բարդ կոմերցիոն որոշում է, սակայն Ucom-ը կարևորում է պատասխանատու բիզնեսի դերը բնության պահպանության գործում։ Այս նախաձեռնությունները համակարգային դարձնելու համատեքստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ներկայացուցիչ Արմեն Հունանյանն ընդգծել է կարգավորող մոտեցումների ընդլայնման անհրաժեշտությունը՝ նշելով, որ բնակավայրերի ծածկույթի պարտավորություններից զատ՝ ժամանակն է քննարկել նմանատիպ կարգավորող մեխանիզմների տարածումը նաև բնապահպանական տարածքների վրա։
Քննարկումը մեկ անգամ ևս ընդգծել է պետական կարգավորող մարմինների, մասնավոր հատվածի և բնապահպանական կազմակերպությունների համատեղ ջանքերի կարևորությունը՝ հեռահաղորդակցության ենթակառուցվածքները բնության պահպանության արդյունավետ գործիքի վերածելու ուղղությամբ։