COP17-ից առաջ. Պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդում բնության պահպանության համար

Published on 14/01/2026

COP17-ի նախապատրաստական աշխատանքների համատեքստում պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն առանցքային նշանակություն է ստանում Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար: Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին:

Հանդիպման առանցքում էին FPWC-ի կողմից Վայոց ձորի մարզում նախատեսվող նոր բնապահպանական ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, քննարկվել են Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնմանը, բնական արեալների կայուն կառավարմանը և գետի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Կողմերը քննարկել են վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված քայլերը, ինչպես նաև անօրինական պահվող կենդանիների խնամքի չափանիշների բարելավման և նրանց ժամանակավոր կամ մշտական կացարանների ապահովման խնդիրները:

Վայոց ձորի մարզը, հատկապես Եղեգիս գետի ավազանը, Հայաստանի կենսաբազմազանության կարևորագույն միջանցքներից մեկն է: FPWC-ի կողմից այստեղ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն վերականգնել բնական հավասարակշռությունը, որը վերջին տասնամյակներում տուժել է մարդածին գործոնների ազդեցությամբ:

Հանդիպման կարևորությունը պայմանավորված է երեք հիմնական գործոնով.

-Եղեգիս գետի վերականգնումը դիտարկվում է ոչ թե որպես առանձին խնդիր, այլ որպես ամբողջական լանդշաֆտի կայունության նախապայման:

 

-  Տեսչական մարմնի հետ համագործակցությունը թույլ կտա ապահովել գետերի ջրային պաշարների խելամիտ օգտագործումը՝ պահպանելով էկոլոգիական թողքը և ձկնաշխարհի անվտանգությունը:

- Հայաստանը, պատրաստվելով ընդունել Կենսաբազմազանության կողմերի համաժողովը, միջազգային հանրությանը պետք է ներկայանա պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության օրինակով, որտեղ վերահսկողությունն ու պահպանությունը գործում են համահունչ:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել