«Եղեգիս Ֆեստ». Կենսաբազմազանության պահպանման և անվտանգ համակեցության կենդանի հարթակ

Published on 09/07/2026

Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում կկայանա «Եղեգիս Ֆեստ» փառատոնը։ Սա պարզապես տեղական միջոցառում չէ, այլ բացառիկ հարթակ, որի գլխավոր առանցքում Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանումն է և մարդ-վայրի բնություն անվտանգ ու ներդաշնակ համակեցության մոդելի հանրայնացումը։

 

Փառատոնի հյուրերին սպասվում է ինտերակտիվ ծանոթություն տարածաշրջանի էկոհամակարգին, էկոտուրիստական արահետների բացահայտում, տեղական կայուն արտադրության էկո-բարիքների ցուցադրություն և «Լավ Էլի» բենդի և Սաֆարյան եղբայրների կենդանի համերգը՝ բաց երկնքի տակ։

 

Վայոց ձորի այս հատվածը աչքի է ընկնում իր ուրույն, վայրի և հարուստ կենսաբազմազանությամբ։ Այստեղ կողք կողքի ապրում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծեը, գորշ արջերը և հովազը։ «Եղեգիս Ֆեստ»-ի հիմնական գաղափարն է ցույց տալ, որ այս հարուստ վայրի բնության պահպանությունն անմիջականորեն կապված է համայնքի կայուն ապագայի հետ։

 

Այս էկոլոգիական շղթայում տեղական լեռնային մեղրը հանդես է գալիս ոչ թե որպես առանձին արտադրանք, այլ որպես բնության առողջության բնական ցուցիչ. հարուստ բուսականությունն ու լեռնային դեղաբույսերի առկայությունը թույլ են տալիս մեղուներին ստեղծել մաքուր արդյունք՝ դառնալով մարդու և բնության փոխշահավետ կապի գործնական ապացույցը։

 

Այս իրադարձությունը FPWC-ի և գործընկերների երկարատև, հետևողական բնապահպանական աշխատանքի տրամաբանական հանգրվանն է։ Փառատոնի թիկունքում ընկած է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի միջոցով:

 

Մինչև փառատոնի մեկնարկը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են համակարգային քայլեր.

 

- Մարդ-կենդանի կոնֆլիկտի մեղմում. տեղացի ֆերմերներին և մեղվաբույծներին տրամադրվել են «էլեկտրական հովիվներ» (արևային էներգիայով աշխատող պաշտպանիչ համակարգեր), ինչը պաշտպանում է տնտեսությունները՝ առանց վայրի կենդանիներին որևէ վնաս հասցնելու։

 

- Վայրի բնության մոնիտորինգ. իրականացվել է գորշ արջերի տեղաշարժի և վարքագծի մշտական ուսումնասիրություն՝ էկոհամակարգի հավասարակշռությունը հասկանալու և համայնքների անվտանգությունն ապահովելու համար։

 

- Էկո-կրթություն. բնակիչների հետ տարվել են թիրախային դասընթացներ վայրի բնության արժեքի և կենդանիների հետ անվտանգ հարևանության կանոնների վերաբերյալ։

 

Փառատոնն ունի հստակ գործնական և բնապահպանական ուղղվածություն.

 

- Կենսաբազմազանության արժևորում համայնքում. երբ բնությունը պահպանված է, այն համայնքին բերում է ճանաչելիություն և կայուն զարգացման հնարավորություններ։ Տեղացիները մոտիվացվում են պաշտպանել վայրի կենդանիների արեալները։

 

- Մտածելակերպի փոփոխություն. կոնֆլիկտային ընկալումը փոխարինվում է անվտանգ համակեցությամբ։ Հանրությանը ցույց է տրվում, որ ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ մարդն ու արջը կարող են անվտանգ կիսել նույն տարածաշրջանը։

 

- Կայուն զբոսաշրջություն. Եղեգիսն ու Հորսը դիրքավորվում են որպես էկոտուրիստական նոր ուղղություններ, որտեղ զբոսաշրջիկները գալիս են հենց անձեռնմխելի բնության, հարուստ ֆլորայի և վայրի կենդանատեսակների բացահայտման համար։

 

Այս նախաձեռնությունն ունի նաև գլոբալ նշանակություն։ ՄԱԿ-ի Կենսաբազմազմացության կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17) ընդառաջ, որը հյուրընկալելու է Հայաստանը, «Եղեգիս Ֆեստ»-ը հանդես է գալիս որպես պատրաստի, կենդանի մոդել։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համայնքային ներգրավվածության և վայրի բնության պահպանության հաշվին լուծել կլիմայական ու էկոլոգիական լրջագույն մարտահրավերները։