«Հրաշք այգի» ռեստորանի երկու արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)

Published on 07/10/2026

Հոկտեմբերի 6-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագիտական թիմը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) հետ համատեղ, «Հրաշք այգի» ռեստորանային համալիրից փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխել անազատության մեջ պահվող երկու արջերի։

Ըստ ռեստորանի խնամողի տրամադրած տեղեկատվության՝ զույգը ռեստորանի անազատության մեջ է գտնվել ավելի քան 10 տարի։ Այդ ընթացքում էգ արջը պարբերաբար ձագեր է ունեցել, որոնց հետագա ճակատագիրն ու գտնվելու վայրն անհայտ են։ Խնամողի տվյալներով՝ էգ արջն այժմ կրկին հղի է, ինչը պահանջում է առավել զգոն և մասնագիտական մոտեցում կենդանաբուժական թիմի կողմից։

Գործողությունն ընթացել է սահմանված բժշկական չափանիշներին համապատասխան․ FPWC-ի անասնաբուժական թիմի կողմից իրականացվել է կենդանիների դեղորայքային իմոբիլիզացիա (քնեցում)՝ կենսական ցուցանիշների (շնչառություն, սրտի ռիթմ, մարմնի ջերմաստիճան) մշտական դիտարկմամբ։ Տեղափոխման ընթացքն անցել է առանց բարդությունների, կենդանիներն ապահով արթնացել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագիտացված կացարանում։

Այժմ կենդանիները գտնվում են պարտադիր կարանտինային շրջանում, որի ընթացքում իրականացվում է․

- Կենդանաբուժական համալիր ախտորոշում․ լաբորատոր հետազոտություններ, մակաբուծաբանական ստուգումներ և պատվաստումներ։

- Սննդակարգի աստիճանական կարգավորում․ անազատության մեջ ձևավորված ոչ պրոֆեսիոնալ կերակրումից անցում բնականին մոտ, բալանսավորված օրացուցային սննդակարգի։

- Վարքագծային մոնիթորինգ․ տարիների անազատության հետևանքով առաջացած ստերեոտիպիկ (ախտաբանական) վարքագծի աստիճանի գնահատում։

Կարանտինային փուլի ավարտից հետո արջերը կտեղափոխվեն WRC-ի ընդարձակ, բնական լանդշաֆտին մոտեցված ազատավանդակներ։

Տասնամյակից ավելի անազատության մեջ անցկացնելու պատճառով այս կենդանիները կորցրել են բնական բնազդները և, ցավոք, այլևս չեն կարող վերադառնալ վայրի բնություն։ FPWC-ն, իր գլխավոր միջազգային գործընկեր International Animal Rescue (IAR) կազմակերպության հետ համատեղ, ստանձնում է նրանց խնամակալությունը՝ ապահովելով արժանապատիվ պայմաններ, անհրաժեշտ բուժօգնություն և վարքագծային զբաղվածության (enrichment) հատուկ ծրագրեր։

FPWC-ն շարունակում է հետևողական քայլերը Հայաստանում վայրի կենդանիների ապօրինի պահման դեպքերին վերջ դնելու և կենդանիների պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։