
Published on 21/10/2025
FPWC-ն մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 80-ամյակին նվիրված ծառատունկին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որպես Հայաստանի անտառային դաշինքի անդամ, մասնակցել է Երևանի բուսաբանական այգում կայացած խորհրդանշական ծառատունկի արարողությանը: Միջոցառումը նվիրված էր Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հիմնադրման 80-ամյակին:
Արարողության ընթացքում առանձնակի շեշտադրվել է շրջակա միջավայրի պահպանության և անտառների կայուն կառավարման գործում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Նորաստեղծ տարածքը, որն անվանակոչվել է «Համերաշխության ծառուղի», կդառնա միջազգային ամրապնդված համագործակցության և բնության պահպանության հարցում ընդհանուր պատասխանատվության հարատև խորհրդանիշ:
Այս միջոցառումը ևս մեկ առիթ էր ընդգծելու FPWC-ի որդեգրած անտառվերականգնման ռազմավարությունը, որը հիմնված է ոչ թե քանակական ցուցանիշների, այլ որակական և երկարաժամկետ ազդեցության վրա։ Հիմնադրամը կիրառում է «Թիրախային տնկման հայեցակարգը» (Target Plant Concept - TPC), որը գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն է։ Մեր տնկիներն աճեցվում են FPWC-ի սեփական տնկարաններում՝ նախապես հարմարեցվելով տվյալ լանդշաֆտի կլիմայական և հողային առանձնահատկություններին։
Օգտագործելով բացառապես տեղական (էնդեմիկ) տեսակների սերմեր՝ FPWC-ն ապահովում է տնկիների բարձր կպչողականություն և դիմակայունություն՝ ստեղծելով կայուն էկոհամակարգեր, որոնք ունակ են ինքնավերականգնվելու և դիմագրավելու կլիմայական փոփոխություններին։
Այսպիսով, մասնակցելով նմանատիպ միջազգային նախաձեռնություններին, հիմնադրամը ոչ միայն սատարում է գլոբալ բնապահպանական օրակարգին, այլև գործնականում ներդնում է անտառվերականգնման լավագույն փորձն ու գիտական մոտեցումները Հայաստանում։