
Published on 19/05/2025
Վայրի կենդանիների գերության և շահագործման արատավոր պրակտիկային վերջ դնելու վճռական քայլով՝ մայիսի 19-ին բնապահպանական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։ Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում անցկացված այս հանդիպումն ընդգծեց ընդհանուր հանձնառությունը՝ դադարեցնելու վայրի կենդանիներին անազատ պայմաններում՝ հիմնականում ժամանցի նպատակով պահելու պրակտիկան։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացված միջոցառմանը մասնակցում էին «Հայանտար» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները և մարդ-վայրի բնություն հակամարտության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները։ Քննարկման առանցքում էին մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում պահվող վայրի կենդանիների փրկության ուղիների նախանշումը և վերահսկողական մեխանիզմների ուժեղացումը՝ ընդառաջ COP17-ին։
Միջոցառման մեկնարկին FPWC-ն ներկայացրեց վայրի բնության պահպանության, հակամարտությունների մեղմման և կենսամիջավայրերի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնակիցները ծանոթացան Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) օրինակելի մոդելին, որը Հայաստանում միակ մասնավոր պահպանվող տարածքն է։
Քննարկումների օրակարգում էին՝
- Վայոց ձորում մարդ-վայրի բնություն հակամարտության մեղմմանն ուղղված ակտիվ ծրագրերը,
- Վայրի կենդանիների փրկության և վերականգնման արձանագրությունները,
- Վերջին տարիներին արձանագրված մարդ-արջ կոնֆլիկտիֆֆ աճող դեպքերը։
Հանդիպման արդյունքում նախանշվեցին հստակ քայլեր։ Մշակվում է ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում անազատության մեջ պահվող բոլոր վայրի կենդանիներին նույնականացնելու և հաշվառելու համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը հանձնառություն ստանձնեց մշակել մոնիթորինգի համակարգ՝ բացառելու վայրի կենդանիների պահումը չկարգավորվող կամ ոչ մարդասիրական պայմաններում։ Փոխնախարար Գաբրիելյանը վստահեցրեց, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները խնդրին վերջնական լուծում տալու համար։
Մասնակիցները շրջայց կատարեցին Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, ծանոթացան վերականգնողական գործընթացներին և տեսան կենտրոնում խնամվող շուրջ 30 գորշ արջերին։ Հաշվի առնելով երկրորդ վերականգնողական կենտրոնի կառուցումը՝ FPWC-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ ապաստան տրամադրելու կարիքի մեջ գտնվող բոլոր արջերին և, հնարավորության դեպքում, այլ տեսակների կենդանիներին։
Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ծառատունկով՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությունը համատեղ պատասխանատվություն է։ Այս հանդիպումը հստակ ազդակ էր քաղաքականության և հանրային կամքի փոփոխության մասին. Հայաստանը գերության հանդեպ հանդուրժողականությունից անցում է կատարում դեպի հարգանքի, հոգատարության և էկոլոգիական ներդաշնակության մոդելի։