«Համակարգային փոփոխությունները ժամանակ են պահանջում. դրանք հնարավոր չէ իրականացնել 1-ամյա ծրագրերով»․ Ռալֆ Յիրիկյանի ելույթը YCS 2026-ում

Published on 17/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) շրջանակում կայացած պանելային քննարկումներից մեկը՝ ՄԱԶԾ Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնության (UNDP BIOFIN) ներկայացուցիչ Մարտին Կադենա Սալգադոյի մոդերատորությամբ, կենտրոնացել է բնապահպանական ֆինանսավորման արդյունավետության, երկարաժամկետ կայունության և մասնավոր հատվածի առանցքային դերի վրա։

Քննարկման ընթացքում սիմպոզիումի ռազմավարական գործընկեր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ բիզնես հատվածի ներգրավվածությունը բնապահպանության ոլորտում պետք է դուրս գա պարզ բարեգործության սահմաններից՝ դառնալով ընկերության ռազմավարական պլանավորման բաղկացուցիչ մաս։ Անդրադառնալով կորպորատիվ կառավարման առանձնահատկություններին՝ նա նշել է․ «Տելեկոմ ոլորտում մենք գումար չենք հանգանակում, այլ բյուջետավորում ենք՝ հատկացումներ անելու համար։ Հեռահաղորդակցության բիզնես մոդելը կառուցված է EBITDA-ի, OPEX-ի և CAPEX-ի ճշգրիտ հաշվարկների վրա, որտեղ անհրաժեշտ է խորհրդին և բաժնետերերին հիմնավորել, թե ինչու է պետք բյուջե հատկացնել բնապահպանական ծրագրերին»։

Ֆինանսական այս հիմնավորումներին զուգահեռ՝ Ռալֆ Յիրիկյանը կարևորել է նաև արժեքային ընդհանրությունն ու երկարամյա վստահությունը, որոնք ընկած են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ձևավորված գործընկերության հիմքում․ «Դեռ 2005-2006 թվականներին, երբ առաջին անգամ հանդիպեցի Ռուբեն Խաչատրյանին, նա ինձ պատմեց իր երազանքի մասին, և ես ցանկացա դառնալ դրա մի մասնիկը։ Այդ օրվանից մենք իրականացնում ենք համատեղ նախագծեր, քանի որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ անում է FPWC-ն։ Դա միայն կորպորատիվ մակարդակում չէ. անձամբ ես և իմ ընտանիքը նույնպես ներդրում ենք անում, որպեսզի խոսքից անցնենք գործի»։

Խոսելով Հայաստանում պատասխանատու բիզնես մշակույթի ձևավորման մասին՝ Ucom-ի գլխավոր տնօրենը շեշտել է շարունակականության անհրաժեշտությունը․ «Ես Հայաստանում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) հայեցակարգի առաջամարտիկներից եմ, և խոսքը զուտ բարեգործության մասին չէ, այլ ռազմավարական, երկարաժամկետ ու տեսլական ունեցող ծրագրերի, որոնք միտված են կայունությանը։ Համակարգային փոփոխությունները ժամանակ են պահանջում. դրանք հնարավոր չէ իրականացնել 1-ամյա դոնորական ծրագրերով, այլ պահանջում են տարիների վստահություն և հետևողականություն»։

 

Ելույթն ու քննարկումը մեկ անգամ ևս վերահաստատեցին բնապահպանական կայուն զարգացման առանցքային բանաձևը՝ ձևավորել ռազմավարական, կորպորատիվ և երկարաժամկետ ֆինանսական գործընկերություն՝ հանուն կենսաբազմազանության արդյունավետ պահպանության։