Բնապահպանության հզորացում գլոբալ համագործակցության միջոցով. FPWC-ն հյուրընկալել է World Land Trust-ի տնօրեն Ռիչարդ Քաթբերտին
Published on 29/04/2025
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է բնապահպանական գործունեության նոր և կարևոր փուլի մեկնարկի մասին՝ World Land Trust-ի հետ արդյունավետ համագործակցության շրջանակում: Այս շաբաթ մենք պատիվ ունենք Հայաստանում հյուրընկալելու World Land Trust-ի պահպանության գծով տնօրեն, դոկտոր Ռիչարդ Քաթբերտին, ով միացել է մեր թիմին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) կառավարման պլանի կատարելագործման աշխատանքներում: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, Հայաստանի միակ մասնավոր պահպանվող տարածքն է և FPWC-ի առանցքային նախաձեռնություններից մեկը: Ավելի քան 30,000 հեկտար տարածք ընդգրկող ապաստարանը պաշտպանում է վտանգված տեսակների, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի կենսամիջավայրերը: Այն տարածաշրջանում մասնավոր պահպանվող տարածքների առաջամարտիկ օրինակ է և արժանացել է միջազգային ճանաչման իր նորարարական մոդելի համար: Դոկտոր Քաթբերտի այցն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Darwin Initiative ծրագրի շրջանակներում, որն աջակցում է կենսաբազմազանության և բնական միջավայրի պահպանման նախագծերին՝ կարողությունների հզորացման և գիտելիքների փոխանակման միջոցով: FPWC-ի բնապահպանական թիմի հետ նրա համատեղ աշխատանքը կնպաստի. - միջազգային լավագույն փորձի ներդրմանը տեղական պահպանության պլանավորման մեջ, - երկարաժամկետ էկոլոգիական կայունությանն ուղղված ռազմավարական մոտեցումների մշակմանը, - ապաստարանի տարածքում կենսամիջավայրերի պաշտպանության և ադապտիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս գործընկերությունը վերահաստատում է FPWC-ի հանձնառությունը՝ Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, և ցույց է տալիս անդրսահմանային համագործակցության ուժը բնապահպանական մարտահրավերների հաղթահարման գործում: «Մենք ոգևորված ենք դոկտոր Քաթբերտի հետ կողք կողքի աշխատելու և World Land Trust-ի հարուստ փորձից օգտվելու հնարավորությամբ: Նման համագործակցությունը ոչ միայն հզորացնում է մեր բնապահպանական ջանքերը տեղում, այլև Հայաստանի եզակի էկոհամակարգերը միացնում է համաշխարհային էկոլոգիական ցանցերին»,- նշել է FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Քանի որ Հայաստանը շարունակում է բախվել կլիմայի փոփոխության, կենսամիջավայրերի մասնատման և մարդ-վայրի բնություն հակամարտության հետևանքներին, նման նախաձեռնությունները վճռորոշ են բնական լանդշաֆտների դիմակայունությունն ապահովելու համար:
Տո՛ւր անուն փրկված արջուկին
Ձեր նվիրատվությունն օգնում է որբացած արջուկներին վերադառնալ վայրի բնություն։ Առաջարկի՛ր անուն, որը կդառնա նրա փրկության պատմության մի մասը։