
Published on 26/10/2026
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) հյուրընկալել է ռազմավարական գործընկերների խմբի՝ միջազգային հեղինակավոր «BirdLife International» կազմակերպության կողմից կազմակերպված այցի շրջանակում։ Այցի նպատակն էր գործընկերներին տեղում ծանոթացնել ապաստարանի բնապահպանական գործունեությանն ու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել դիտարկելու տարածաշրջանի խորհրդանշական լանդշաֆտները, ինչպես նաև բնական միջավայրում տեսնելու անգղերի և կաթնասունների տեսակներ։ Հյուրերին մանրամասն ներկայացվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանության մոդելը՝ ընդգծելով տարածքի արդյունավետ կառավարման առանձնահատկությունները։
Ծրագրի շրջանակում գործընկերներն այցելել են նաև Վայրի կենդանիների փրկարար կենտրոն և ջերմատներ։ Այս ենթակառուցվածքների օրինակով ներկայացվել է հիմնադրամի համալիր մոտեցումը, որը միավորում է կենսաբազմազանության պահպանությունը, վայրի կենդանիների փրկությունն ու վերականգնումը, կենսամիջավայրերի վերականգնման աշխատանքները և համայնքային ներգրավվածությունը։
Այցը կարևոր հնարավորություն է ընձեռել գործնականում ցույց տալու, թե ինչպես են դաշտային մակարդակում իրականացվող հետևողական բնապահպանական ջանքերը նպաստում կենսաբազմազանության ավելի լայն պաշտպանությանն ու լանդշաֆտային մակարդակի պահպանությանը։
«BirdLife International»-ը բնապահպանական կազմակերպությունների աշխարհի խոշորագույն գործընկերային ցանցն է, որը միավորում է ավելի քան 120 ազգային գործընկեր կառույց ամբողջ աշխարհում։ Կազմակերպության առաքելությունն է պահպանել թռչնատեսակները, նրանց բնակավայրերն ու գլոբալ կենսաբազմազանությունը՝ համագործակցելով տեղական համայնքների և միջազգային կառույցների հետ՝ հանուն բնական ռեսուրսների կայուն օգտագործման։