
Published on 22/10/2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտու FPWC տաղավարում տեղի է ունեցել «ՊԱՆՈՐԱՄԱ» երկխոսություն (PANORAMA Dialogue) խորագրով քննարկումը։ «ՊԱՆՈՐԱՄԱ. Լուծումներ առողջ մոլորակի համար» նախաձեռնությունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), GIZ-ի և գործընկերների համաշխարհային հարթակ է, որը բացահայտում, փաստագրում և տարածում է բնապահպանական փորձարկված ու հաջողված լուծումները։
Քննարկման ընթացքում FPWC-ի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը ներկայացրել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR)՝ որպես «ՊԱՆՈՐԱՄԱ» հարթակում տեղ գտած համայնքահեն պահպանության հաջողված մոդել։
Նա անդրադարձել է CWR-ի ընդլայնման տպավորիչ ճանապարհին․ Հայաստանի առաջին մասնավոր պահպանվող տարածքը, որը մեկնարկել էր համայնքային հողերի վարձակալության մոդելով 400 հեկտարից, այսօր ընդլայնվել է՝ հասնելով ավելի քան 30,000 հեկտարի։ Այս հաջողության հիմքում տեղի բնակիչների ակտիվ ներգրավվածությունն է․ FPWC-ի համայնքային տեսուչները 24/7 ռեժիմով իրականացնում են տարածքի պահպանություն՝ հաջողությամբ համադրելով տեղական ավանդական գիտելիքն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։
Ապաստարանի ստեղծման և արդյունավետ պահպանության շնորհիվ տարածք են վերադարձել տարածաշրջանի կարմիրգրքյան ու վտանգված տեսակները, այդ թվում՝ կովկասյան հովազը, բեզոարյան այծը, սիրիական գորշ արջն ու գառնանգղը։
Սոնա Քալանթարյանը հատուկ ընդգծել է, որ CWR-ի պահպանության մոդելն անմիջականորեն փոխկապակցված է տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ։ Ավելի քան 30 հարակից համայնքներ ստանում են ուղղակի վարձակալական եկամուտներ FPWC-ից, ստեղծվել են կանաչ աշխատատեղեր, իրականացվել են խմելու ջրագծերի կառուցման ծրագրեր, ինչպես նաև ներդրվել են մարդ-արջ հակամարտության մեղմման արդյունավետ մեխանիզմներ։
«ՊԱՆՈՐԱՄԱ» երկխոսությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ տեղական մակարդակում փորձարկված և համայնքների շահերը հաշվի առնող բնապահպանական լուծումները կարող են դառնալ գլոբալ օրինակելի մոդելներ՝ նպաստելով Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային բնապահպանական թիրախների իրագործմանը։