Ռուբեն Խաչատրյանը մասնակցել է «Global Nature Positive» երկրորդ գագաթնաժողովին

Published on 17/07/2026

2026 թվականի հուլիսի 15-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում հաջողությամբ ավարտվել է «Global Nature Positive» երկրորդ միջազգային գագաթնաժողովը, որի արդյունքում մասնակից կազմակերպություններն ընդունել են պատմական «Կումամոտոյի հռչակագիրը»։ Հռչակագիրն ընդգծում է բոլոր ոլորտների, հատկապես՝ բիզնեսի և ֆինանսական համակարգի ջանքերի մեկտեղման հրատապությունը՝ կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելու և Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներն իրագործելու համար։

Այս հեղինակավոր համաժողովին Հայաստանը և տարածաշրջանը ներկայացնում էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր-տնօրեն, IUCN Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդական Ռուբեն Խաչատրյանը։

Գագաթնաժողովի շրջանակներում, Ռուբեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել առանցքային բարձր մակարդակի հանդիպում, որին մասնակցել են բնապահպանական ոլորտի համաշխարհային առաջնորդներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես օրինակ դոկտոր Գրեթել Ագիլարը՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրենը, Ացուհիրո Յոշինական՝ IUCN Ճապոնիայի խորհրդականը (IUCN Regional Councillor for East Asia), Մոնիկա Սիմոնյանը՝ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և այլոք։

Քննարկումների առանցքում եղել են առաջիկա COP17-ին (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողով) ընդառաջ իրականացվելիք համատեղ քայլերը, որը կայանալու է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Հայաստանի ստանձնած դերը գլոբալ բնապահպանական օրակարգում և նախանշվել են հայ-ճապոնական գործընկերության ընդլայնման հեռանկարները թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորների մակարդակով։

Այս տարվա գագաթնաժողովն աչքի ընկավ աննախադեպ մասնակցությամբ. այն հյուրընկալել էր 2,725 առաջնորդների և պատվիրակների ողջ աշխարհից։ Հատկանշական է, որ մասնակիցների երկու երրորդը ներկայացնում էր բիզնեսի և ֆինանսների ոլորտները, ինչը վկայում է այն մասին, որ մասնավոր հատվածն աստիճանաբար սկսում է բնական կապիտալի պահպանումը դիտարկել ոչ թե որպես ծախս, այլ որպես երկարաժամկետ ներդրում և կայունության երաշխիք։

Հռչակագիրը, որն արդեն իսկ ստորագրել է 85 խոշոր կազմակերպություն (որոնց կեսը՝ մասնավոր սեկտորից), կոչ է անում ներդնել գիտականորեն հիմնավորված և միասնական չափորոշիչներ, որոնք թույլ կտան ընկերություններին ճշգրիտ չափել իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (համաձայն Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի 15-րդ թիրախի)։

Գագաթնաժողովի ընթացքում բազմիցս շեշտադրվեց, որ 2026 թվականը բեկումնային տարի է բնության պահպանության համաշխարհային պատմության մեջ։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ 196 երկրների կառավարությունները հոկտեմբերին հավաքվելու են Երևանում՝ ամփոփելու մինչև 2030 թվականն իրականացվելիք թիրախների միջանկյալ արդյունքները։

Հայաստանի բարձր ներկայացվածությունը գագաթնաժողովում առավել ամրապնդվեց երկու առանցքային մասնակցությամբ.

- Հատուկ տեսաուղերձով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով Հայաստանի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ լավագույնս հյուրընկալելու գալիք COP17-ը։

- Գագաթնաժողովի բարձրաստիճան բանախոսների թվում էր նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 նախագահության հատուկ հանձնարարություններով դեսպան Մհեր Մարգարյանը, ով իր ելույթում անդրադարձավ գլոբալ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հայաստանի դիվանագիտական և գործնական ջանքերին։

FPWC-ն, լինելով Հայաստանում էկոլոգիական նորարարությունների և պահպանվող տարածքների կառավարման առաջատարներից, պատրաստվում է գագաթնաժողովի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականորեն կիրառել Հայաստանում՝ ամրապնդելով պետություն-մասնավոր հատված-տեղական համայնքներ կապն ու ապահովելով մեր երկրի արժանապատիվ ու ազդեցիկ ներկայացվածությունը COP17-ին։