Ռիկի արջի վերադարձը դեպի ազատություն. սրտառուչ փրկություն՝ FPWC-ի և IAR-ի կողմից

Published on 23/10/2024

Հայաստանում փրկության և վերականգնման անհավանական ճանապարհ անցած երիտասարդ գորշ արջ Ռիքին, որը սիրով անվանակոչվել էր կատակերգու Ռիկի Ջերվեյսի պատվին, վերադարձել է վայրի բնություն։ Ռիքիի պատմությունը տոկունության, հոգատարության և Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնի նվիրված աշխատանքի մասին է։ Կենտրոնը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) կողմից՝ համագործակցությամբ International Animal Rescue (IAR)-ի։

Արջը վնասվածքներ էր ստացել ուշ գիշերով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, սակայն FPWC-ի և ՀՀ նախարարության արագ արձագանքի շնորհիվ Ռիքին տեղափոխվել էր Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն՝ բուժում ստանալու համար։ FPWC-ի անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի հոգատար հսկողության ներքո Ռիքին ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Հարությունը նկարագրել է նրա վիճակը կենտրոն հասնելու պահին․
«Արջն ուներ ստորին շրթունքի վնասվածք, որը մենք կարեցինք հենց պատահարի վայրում։ Բարեբախտաբար, կոտրվածքներ չկային, միայն մեկ ոտքի թեթև վնասվածք։ Սկզբում նա մի փոքր շփոթված էր թվում, բայց մի քանի օր ուշադիր հսկողությունից հետո լավ վերականգնվեց»։

Երկու շաբաթ տևած վերականգնողական շրջանից հետո Ռիքին ճանաչվել է լիովին առողջ և պատրաստ՝ վերադառնալու իր բնական միջավայր։

Այսօր ավելի վաղ դերասան և IAR-ի հովանավոր Փիթեր Իգանը, ով ներկա էր բացթողմանը, իր տպավորությունները նկարագրել է այսպես՝ «ոգևորիչ էր տեսնել, թե ինչպես է արջը թռչկոտելով վերադառնում ազատություն»։ Բացթողման տեսանյութում երևում է Ռիքիի վերադարձի հուզիչ և տպավորիչ պահը դեպի լեռներ, որտեղ նա կրկին ապրելու է ազատության մեջ։ Փիթերը, ով արջին անվանակոչել էր իր մտերիմ ընկեր Ռիկի Ջերվեյսի անունով, սոցիալական ցանցերում նույնպես կիսվել է իր ուրախությամբ՝ գրելով, որ բացառիկ էր տեսնել, թե ինչպես է այս հրաշալի արջը վերադարձվում վայրի բնություն այն բանից հետո, երբ ավտոմեքենայի հարվածից հետո վերականգնվել էր IAR-ի և FPWC-ի զարմանալի աշխատանքի շնորհիվ։

FPWC-ի կողմից կառավարվող Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնը կարևոր դեր ունի Հայաստանի վայրի բնության պահպանության գործում։ Կենտրոնի նվիրված թիմը ոչ միայն փրկում և վերականգնում է Ռիքիի նման վիրավորված կենդանիներին, այլև զբաղվում է այն արջերի փրկությամբ, որոնք տարիներ շարունակ պահվել են գերության մեջ։ Ինչպես նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթ OBE-ն․
«Հայաստանում FPWC-ի հետ մեր աշխատանքի մեծ մասը վերաբերում է գերության մեջ տարիներ անցկացրած արջերի փրկությանը, որոնք այլևս երբեք չեն կարող վերադառնալ վայրի բնություն։ Դա ցավալի է։ Այդ պատճառով երիտասարդ և առողջ կենդանու փրկությունն ու վերադարձը իր բնական միջավայր իսկապես մեծ ոգեշնչում է»։

Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնի առաքելությունն է ապահով ապաստան տրամադրել օգնության կարիք ունեցող կենդանիներին՝ անկախ նրանից, թե նրանք մարդ-վայրի բնություն հակամարտությունների զոհ են դարձել, թե նախկինում պահվել են գերության մեջ։ Յուրաքանչյուր հաջող բացթողում, ինչպես Ռիքիինը, վկայում է FPWC-ի և IAR-ի թիմերի նվիրվածության, ինչպես նաև համայնքային աջակցության ուժի մասին։

FPWC-ն շարունակում է անխոնջ աշխատել՝ ապահովելու Հայաստանի վայրի բնության պաշտպանությունն ու պահպանումը։ Ռիքիի պատմությունը ևս մեկ հիշեցում է այն մասին, թե որքան կարևոր է աջակցել այս ջանքերին։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ կամ նպաստել այս կենսական նշանակություն ունեցող աշխատանքին, կարող եք այցելել Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն և ներգրավվել։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել