Անտառհատված, քայքայված տեղանքների վերականգնում` հիդրոգելի կիրառմամբ իրականացվող ծառատունկերի միջոցով

Published on 21/12/2020

Կենսաբազմազանության պահպանության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացման նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նախաձեռնել է պիլոտային ծրագիր` վերականգնելու որոշ առավելագույնս քայքայված անտառամասեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում: Անտառվերականգնման աշխատանքները տուժած տեղամասերում իրենցից մեծ կարևորություն են ներկայացնում անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից: Բացի տեղական բուսատեսակների վերարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծումից, այն պետք է ծառայի որպես բնակատեղի, միգրացիոն ուղի և սննդի աղբյուր առկա վայրի կենդանատեսակների համար (թռչուններ, կաթնասուններ և այլն): Տնկարկները պետք է կանխարգելեն հողի սողանքները և ծառայեն որպես ջրի կուտակարան: Դրանով իսկ կստեղծվի հավելյալ հնարավորություն մեղվապահության համար, որպես կարևոր եկամտի աղբյուր տեղի բնակչության համար: Նախատեսված ծրագրի միջոցով նպատակ է դրված փորձարկել լայնամասշտաբ ծառատունկերի իրականացման նոր մոտեցում` բարելավելու դրանց դիմացկունությունը, ծախսատարությունը և ստանալ երկարաժամկետ արդյունք: Հիդրոգելի կիրառման նորարարական տեխնոլոգիան ենթադրում է ավելի քան 20 հիդրոաբսորբանտների, խթանիչների ու սննդատարրերի համադրություն, որոնք էականորեն բարելավում են հողի որակական հատկանիշներն ու ջրի կուտակման ֆունկցիան, վճռորոշ չորային պայմաններում բույսերի աճի համար: Այս փորձը պետք է ցուցադրի հիդրոգելի կիրառման հեռանկարը որպես այլընտրանք ավանդական պատկերացումներին և հնարավորությունը` գործարկել մշակված տեխնոլոգիան Հայաստանի այլ շրջաններում, գուցե և արտերկրում: Ծրագիրն իրականացվում է ENVIRON հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ:
🐻 Նվիրաբերել և անվանակոչել