
Published on 16/05/2023
ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում։ Նրանք այցելել են Կովկասի վայրի բնության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքները՝ ծանոթանալու գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործունեությանը։
Այցի հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության առջև ծառացած խնդիրները և անտառային հրդեհների կանխարգելման հնարավորությունները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ՝ 2020 թվականից ի վեր հիմնադրամը իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման ծրագրեր, կարողությունների զարգացում և անտառապահների տեխնիկական վերապատրաստում CWR մասնավոր պահպանվող տարածքում, ինչպես նաև հանրային իրազեկման մի շարք արշավներ, միջոցառումներ և կրթական ծրագրեր։
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ գործընկերները շրջայց են կատարել ապաստարանում, այցելել են տեղական ծառատեսակների տնկարան, որը հիմնադրվել է 2016 թվականին ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել են արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքային զարգացման և այլ ծրագրերի հետ։ Հիմնադրամի աշխատակիցները գործընկերներին ներկայացրել են նաև առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։
«Ուրախ ենք, որ սերտ համագործակցում ենք ԱՄՆ Անտառային ծառայության հետ, հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ ԱՄՆ Անտառային ծառայությունը աշխարհում առաջատարներից է՝ իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ»,– նշել է Ռուբեն Խաչատրյանը։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է գործընկերների համար ծանոթանալ հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին։
Հարկ է նշել, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի քաղաքականության կարևոր ուղղություններից է, և արդեն իրականացվում է լայնածավալ կրթական արշավ այս ոլորտում։ Մոտ ապագայում հիմնադրամը կներկայացնի նաև ոլորտին առնչվող նոր նախաձեռնություններ։