
Published on 08/12/2025
Եղեգիսի գետի հովտի վերականգնումը՝ միջազգային հարթակում. FPWC-ն մասնակցել է ELSP գործընկերների համաժողովին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Քեմբրիջում ընթացող «Endangered Landscapes & Seascapes Programme» (ELSP) գործընկերների հանդիպման շրջանակում ներկայացրել է «Եղեգիսի գետահովտի առափնյա էկոհամակարգերի վերականգնման» ծրագիրը:
Ելույթի ընթացքում FPWC-ն մանրամասն անդրադարձ է կատարել գետային էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, կենսաբազմազանության հզորացմանը և լանդշաֆտների գիտահեն եղանակով վերականգնողական միջոցառումներին: Այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի Եղեգիսի գետի հովտի համար՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի առողջ և դիմակայուն միջավայր ապագայի համար:
Համաժողովն արժեքավոր հարթակ էր փորձի փոխանակման և տարածաշրջանում վտանգված լանդշաֆտների ու ջրային տարածքների պահպանման ուղղությամբ աշխատող առաջադեմ գործընկերների հետ նոր կապեր հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Endangered Landscapes & Seascapes Programme-ը (ELSP) աջակցում է լանդշաֆտների վերականգնման այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են բնության վերածննդին և կայուն ապագայի կերտմանը: Եղեգիսի գետահովտում իրականացվող աշխատանքները FPWC-ի ռազմավարական ուղղություններից են, որոնք միավորում են գիտական մոտեցումներն ու բնության պահպանության գործնական քայլերը: