
Published on 15/06/2021
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ հուլիսի 22-ին, արդեն իններորդ անգամ կազմակերպել էին «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի վերածվեց Երևանի կենդանաբանական այգին։ «Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։ «Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Այս միջոցառումը մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների պատկերացրած միջավայրը նման է իրենց հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ մարդը կենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը: Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվեցին նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ ստացան 24 պատանի: Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։ Համահայկական 9-րդ նկարչական մրցույթի թեմաներն են․ • Եթե բնությունը խոսեր • Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին • Երկրագունդն առանց մեզ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը: