
Published on 29/04/2025
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) վերջերս նոր բնակիչ է ընդունել՝ մոտ 2-3 ամսական արու արջուկ՝ Հայաստանի Վայոց ձորի մարզից։ Արջուկը տեղափոխվել է FPWC-ի խնամքին Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ ապահովելու նրա առողջության համար անհրաժեշտ մասնագիտացված խնամքը և հետագա վերադարձը վայրի բնություն։
FPWC-ի վայրի բնության մասնագետներն արդեն մշակում են վերականգնողական համապարփակ ծրագիր, որի նպատակն է արջուկին օժտել բնական միջավայրում ինքնուրույն գոյատևելու համար անհրաժեշտ բոլոր հմտություններով։ Վայրի կենդանիների վերականգնումը բարդ և խիստ պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական մեծ փորձ, համբերություն և FPWC ամբողջ թիմի անմնացորդ նվիրումը։
Արջուկը բնություն կվերադառնա միայն մասնագետների կողմից մանրակրկիտ գնահատում անցնելուց հետո, երբ լիարժեք վստահություն լինի, որ նա կարող է հաջողությամբ հարմարվել և գոյատևել իր բնական միջավայրում։ FPWC-ն նախկինում հաջողությամբ իրականացրել է նմանատիպ փրկության և բնություն բացթողնման գործողություններ, և թիմը լավատես է այս արջուկի հեռանկարների հարցում։
Մենք հրավիրում ենք բոլորին հետևել և աջակցել փոքրիկ արջուկի՝ դեպի ազատություն տանող ճանապարհին։
Եթե հայտնաբերել եք վայրի կենդանու ձագ.
- Մի՛ մոտեցեք և մի՛ անհանգստացրեք կենդանուն, քանի որ նրա մայրը կարող է մոտակայքում լինել՝ ժամանակավորապես հեռանալով սնունդ հայթայթելու նպատակով։
- Պահպանե՛ք անվտանգ հեռավորություն և զուսպ հետևեք հեռվից։
- Դիմե՛ք մասնագիտական օգնության միայն այն դեպքում, եթե կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց խնամքի։
- Անմիջապես կապ հաստատեք Շրջակա միջավայրի նախարարության կամ FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի թեժ գծին՝ 08000411 հեռախոսահամարով։
Ձեր իրազեկված արձագանքն օգնում է պաշտպանել Հայաստանի վայրի բնությունը։