
Published on 29/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում տեղի ունեցած հարակից միջոցառմանն իր ելույթում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է մասնավոր հատվածի հետ երկարաժամկետ գործընկերության կարևորությունը էկոհամակարգերի վերականգնման գործում։
Անդրադառնալով բնության վերականգնման ռազմավարական ուղղություններին՝ Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում էկոհամակարգերի վերականգնումը չպետք է սահմանափակվի միայն ծառատունկով։ Նրա դիտարկմամբ՝ լեռնային արոտավայրերն ու ալպյան մարգագետիններն ունեն բացառիկ կենսաբազմազանություն և ածխածնի կլանման հսկայական ներուժ, ինչը պահանջում է համալիր պահպանության և կառավարման մոտեցումներ։
Գործնական արդյունքների տեսանկյունից FPWC-ի տնօրենը ներկայացրել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) փորձը, որն ընդգրկում է ավելի քան 35,000 հեկտար տարածք և որտեղ տնկվել է ավելի քան 650,000 ծառ։ Այս բազմամյա փորձը փաստում է, որ էկոհամակարգերի վերականգնումը չի կարող լինել կարճաժամկետ ծրագիր․ այն պահանջում է երկարաժամկետ կառավարում, շարունակական գիտական մոնիթորինգ և տեղական համայնքների ակտիվ ներգրավում։
Ամփոփելով ելույթը՝ Ռուբեն Խաչատրյանը շեշտել է, որ նման ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ, որոնք միաժամկետ կգնահատեն և՛ ածխածնային, և՛ կենսաբազմազանության պահպանման օգուտները՝ նպաստելով Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) 2-րդ և 3-րդ թիրախների իրագործմանը։