Ժամանակակից տեխնոլոգիաներն անտառաբուծության մեջ

Published on 15/02/2021

Անտառապատումն ու անտառվերականգնման ծրագրերը հատկապես կարևորություն են ներկայացնում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) համար, որոնց միջոցով խնդիր է դրված ոչ միայն պահպանել ֆլորիստիկ բազմազանությունը, այլև ապահովել կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր, բնակավայր կամ թաքստոց: Հերթական անգամ ԿԿԱ տարածքում իրականացվող ծառատնկման աշխատանքները ուղեկցվեցին ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, որի արդյունքում նախատեսվում է մշակել կիսաանապատային գոտու համար անտառապատման ուրույն տեխնոլոգիա: Ընտրված տնկադաշտում նախատեսվում է 2015-2016թթ ընթացքում տնկել ավելի քան 1000 հատ տնկի: Դրանք բոլորը տվյալ տարածաշրջանում աճեցված աբորիգեն տեսակներ են: Առաջին իսկ նորամուծությունը, որ կիրառվեց այս տարի, հողի բարելավիչն է, որը չորային պայմանների դեմ պայքարի ժամանակակից միջոց է: TerraCottem բարելավիչը հիդրոգելի, արմատների աճի խթանիչի, պարարտանյութերի և հրաբխային խարամի համադրություն է: Նյութի հիմնական բաղադրիչը՝ բարդ պոլիմերային հիմքով հիդրոգելն, օժտված է ավելացնել հողի կամ այլ լցանյութի՝ ջուր և սննդատարրեր կուտակելու կարողությունը, ինչպես նաև բարելավում է կառուցվածքը, օդափոխանակությունը և արտադրողականությունը: Այն խթանում է արմատների ձևավորումը և բույսի աճը և նվազեցնում ջրման կարիքը մոտ 50% -ով: Այն կուտակում է իր բյուրեղիկների քաշից մոտ 100 անգամ ավել խոնավություն և աստիճանաբար (ընդհուպ վեց ամիս շարունակ) բույսին մատակարարում: Նման հատկության շնորհիվ ներկայումս այն լայն տարածում է ստացել հարավային Եվրոպայում, և Ավստրալիայում՝ նպաստելով անտառաբուծության և գյուղատնտեսության զարգացմանը: Հաջորդ նորարարությունը, որ դեռևս փորձարկման փուլում է, ոռոգման համակարգն է: Հաշվի առնելով ջրային ռեսուրսների սակավությունը՝ ի սկզբանե խնդիր էր դրված կիրառել այնպիսի համակարգեր, որոնք կնվազեցնեն կորուստները: Որպես լուծում նշված խնդրին՝ այս տարի անտառային փորձադաշտում ներդրվեց խորն արմատային ջրման ոռոգման համակարգ: Տվյալ համակարգի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է անմիջապես հողի արմատաբնակ մասը, այլ ոչ թե հողի վերին շերտը՝ այսպիսով նվազեցնելով գոլորշիացումը և այլ կորուստներ: Տեսակաշարի ընտրության հարցում մասնագիտական խումբն առաջնորդվել է տեղանքի բնակլիմայական պայմաններով և տնկարկի նպատակային նշանակությամբ: Հիմնական տնկարկի կազմում ընդգրկված են միայն վայրի պտղատու տեսակներ, որոնք բնորոշ են տարածաշրջանին և հարմարված՝ նման պայմաններին: Հիմնական տնկարկի ողջ եզրագծով հիմնվել է նաև պաշտպանական անտառաշերտ, որն իր հերթին պետք է նվազեցնի օդային հոսանքները, համապատասխանաբար և ջրի գոլորշիացումը: Նախատեսվում է, որ ընտրված անտառային փորձադաշտը նախադեպ կդառնա ԿԿԱ ողջ տարածքում նմանատիպ անտառայգիների ստեղծման համար: Ծրագիրն իրականացվում է ENVIRON հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել