Ծանոթացեք Բո արջուկի հետ. գերությունից մինչև խնամք

Published on 28/10/2025

Հանքավանում անազատության մեջ պահվող Բո արջը 8 տարի անց տեղափոխվել է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Ութ տարի շարունակվող հանրային բարձր հնչեղությունից և հետևողական իրավական ու կազմակերպչական ջանքերից հետո, Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում անազատության մեջ պահվող Բո անունով գորշ արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն (WRC):
Կենդանու ոչ պատշաճ պահման պայմանների վերաբերյալ ահազանգերը քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնվում էին դեռևս 2017 թվականից: Փրկարարական գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին՝ FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային «International Animal Rescue» (IAR) կազմակերպության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համագործակցության արդյունքում:

Այս պահին Բոն գտնվում է մասնագիտացված կենտրոնում, որտեղ անցնում է պարտադիր կարանտինային փուլ: Դրանից հետո կենդանին կտեղափոխվի ընդարձակ ազատավանդակ, որի բնականին մոտ պայմանները համապատասխանում են տեսակի կենսաբանական և վարքագծային պահանջներին:

Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո իրականացվելու են հետևյալ միջոցառումները.
- Կենդանու առողջական վիճակի համապարփակ գնահատում և մասնագիտական խնամք:
- Երկարամյա անազատության հետևանքով առաջացած ֆիզիկական և հոգեբանական խնդիրների հաղթահարմանն ուղղված միջամտություններ:
- Պայմանների ապահովում, որոնք կխթանեն կենդանու բնական բնազդների դրսևորումը:

FPWC-ն ընդգծում է, որ այս գործողությունը տարիների հետևողական աշխատանքի արդյունք է, որը նպատակ ունի երաշխավորել կենդանու արժանապատիվ և անվտանգ կեցությունը: Հիմնադրամը շարունակում է իրականացնել «Արջերի փրկության ծրագիրը»՝ ուղղված Հայաստանում անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների խնդիրների համակարգային լուծմանը և նրանց բարեկեցության ապահովմանը:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել