Թղթախոսություն. FPWC-ն մեկնարկեց ՀԲԸՄ «Կանաչ զրույցները»

Published on 31/05/2022


«Կեր, քնիր, վերամշակիր», «Վերամշակիր այսօր՝ ավելի լավ վաղվա համար». այս և տասնյակ այլ կարգախոսներով էր համեմված FPWC «Թղթախոսություն» հանդիպում-աշխատարանը, որն ազդարարեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնած «Կանաչ զրույցներ» շարքի մեկնարկը: Թղթի խնայողության, վերամշակման, վերաօգտագործման և մեր առօրյայում այդ ամենի ստեղծարար կիրառության մասին FPWC թիմը զրուցեց տարբեր կազմակերպություններ ներկայացնող շուրջ 100 մասնակիցների հետ: Ներկայացվեցին բնապահպանական լուրջ խնդիրների մասին վիճակագրական փաստեր, քննարկվեց վերամշակված թղթի օգտագործման աճող թրենդն աշխարհում ու դրա արձագանքը Հայաստանում: Փոքրիկ աշխատարան-ցուցահանդեսի ձևաչափով էր ներկայացված FPWC-ի կողմից պատրաստվող ձեռակերտ վերամշակված ծաղկաթուղթը: Բացառիկ մակատեսքով այս թղթի հումք են դառնում ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները, որոնք ապրիլի 24-ից օրեր անց խնամքով հավաքվում են ու մշակվում հազարավոր կամավորների կողմից՝ Հիմնադրամի նախաձեռնած «Ծաղկահավաք»-ի ընթացքում: FPWC-ն ներկայացրեց նաև իր մեկ այլ նախաձեռնություն` «Կանաչ գրասենյակ»-ը, կոչ անելով գործընկերներին միանալ Հայաստանում թղթի վերամշակումը և վերամշակված թղթի կիրառությունը գաղափարախոսելու ջանքերին գործնական քայլերով՝ խնայողաբար օգտագործել գրասենյակային թուղթը, փոխարինել սովորական թուղթը վերամշակվածով, դեն չնետել թղթաթափոնն, այլ հավաքել ու հանձնել «Կանաչ գրասենյակ»-ին:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել