
Published on 26/11/2024
Նոյեմբերի 23-ի գիշերը Հայաստանում՝ Կովկասյան վայրի բնության ապաստանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ հատվածում, տեղի է ունեցել մտահոգիչ միջադեպ։ Հրացաններով զինված, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել պահպանվող տարածք՝ ենթադրաբար որս իրականացնելու նպատակով։
CWR-ի պահակները կասկածելի շարժ են նկատել Դասանորդ լեռան (Դահնագ, 2,535 մ) լանջերին՝ մոտավորապես ժամը 23։30-ին։ Ինչպես նշել է CWR-ի գլխավոր պահակ Գևորգ Կարապետյանը. «Նկատեցինք մեքենայի լույսեր, որից հետո՝ նաև լապտերների լուսարձակներ, և անմիջապես սկսեցինք հետախուզություն՝ միաժամանակ տեղեկացնելով Խոսրովի անտառ պետական արգելոցի էկոպարեկային խմբին։ Միասին փակեցինք հնարավոր փախուստի ուղիները և կարողացանք կանգնեցնել այդ խմբին»։
Էկոպարեկային թիմը կազմել է պաշտոնական արձանագրություն և առգրավել երկու հրազեն, որոնցից և ոչ մեկը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։ Բացի այդ, իրավախախտները կրակ են արձակել FPWC-ի հսկողական տեսախցիկների ուղղությամբ՝ հավանաբար փորձելով վնասել հիմնադրամի գույքը։ Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել նաև VIVA կապի աշտարակի հարևանությամբ, ինչը ևս ընդգծում է այս ապօրինի գործողության համարձակ բնույթը։
Այս տարածքները գտնվում են խիստ պահպանության ներքո և համատեղ վերահսկվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) և պետական համապատասխան մարմինների կողմից։ Այդ գոտիներում որսը խստիվ արգելված է։ Բարեբախտաբար, FPWC-ի պահակների արագ և պրոֆեսիոնալ արձագանքի, ինչպես նաև էկոպարեկային թիմի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հաջողվել է կանխել մի դեպք, որը կարող էր վերածվել որսագողության։
Սակայն այս միջադեպը մեկուսացված դեպք չէ։ Վերջերս հիմնադրամը նմանատիպ դեպք էր արձանագրել նաև Վայոց ձորի մարզում, ինչը վկայում է որսի վերահսկման և վայրի բնության պահպանության ոլորտում դեռևս առկա բացերի մասին։
FPWC-ն կոչ է անում հանրությանը բնության նկատմամբ ցուցաբերել առավել պատասխանատու վերաբերմունք և բարձր է գնահատում էկոպարեկային թիմի արագ արձագանքը։ Հույս ունենք, որ այս դեպքը կարժանանա պատկան մարմինների պատշաճ ուշադրությանը՝ ապագայում նմանատիպ խախտումները կանխելու նպատակով։
Միասին պահպանենք Հայաստանի եզակի կենսաբազմազանությունն ու մշակութային ժառանգությունը։