
Published on 22/10/2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում տեղի է ունեցել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնած «Երևանյան գործողությունների կոչի դասերն ու ուղիները»ն հարակից միջոցառումը։ Այն ամփոփել է COP17-ին ընդառաջ Երևանում կայացած «Yerevan Conservation Symposium 2026»-ի արդյունքներն ու միջազգային հանրությանը ներկայացրել «Երևանյան գործողությունների կոչը»՝ ուղղված Կունմինգ-Մոնրեալի 30x30 թիրախի արդարացի, ներառական և արդյունավետ իրագործմանը։
Միջոցառման մեկնարկին FPWC հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ներկայացուցիչ Թրևոր Սենդուիթը (Trevor Sandwith) ներկայացրել են սիմպոզիումի չորս առանցքային ուղղությունները՝ իրավական շրջանակները, բնիկ համայնքների իրավունքները, մոնիթորինգի համակարգերն ու կայուն ֆինանսավորումը։ Բանախոսները հատուկ ընդգծել են, որ 30x30 թիրախին հասնելու համար անհրաժեշտ է պաշտոնապես ճանաչել պետական համակարգից դուրս գործող բնության խնամակալների ու պահապանների անփոխարինելի դերը։
Զարգացնելով համայնքային իրավունքների և արդարության թեման՝ ICCA Consortium-ի ներկայացուցիչ Հանիե Մողանին (Hanieh Moghani) շեշտել է, որ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տարածքները չպետք է ընկալվեն սոսկ որպես «հեկտարներ»՝ 30% թիրախի վիճակագրությունն ապահովելու համար։ Նա ընդգծել է պահպանության վերջնական արդյունքի և տարածքների կառավարման իրավասության հստակ տարբերակման կարևորությունը՝ կոչ անելով ներդնել ուղղակի ու կայուն ֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաև անշեղորեն ապահովել ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության սկզբունքը։
Կայուն ֆինանսավորման և երկարաժամկետ մեխանիզմների անհրաժեշտությանն է անդրադարձել նաև The Nature Conservancy (TNC) կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Ֆիթցսիմոնսը (James Fitzsimons)։ Նա նշել է, որ կարճաժամկետ ծրագրային ֆինանսավորումից անհրաժեշտ է անցում կատարել հավատարմագրային հիմնադրամների և երկարաժամկետ պահպանության պայմանագրերի մոդելներին։ Որպես հաջողված օրինակ՝ նա նշել է Ավստրալիայի փորձը, որտեղ բնիկ համայնքների տարածքների պահպանման համար գործում են տարեկան ուղղակի ֆինանսավորման կայուն համակարգեր։
Այս համատեքստում զուգահեռներ է անցկացրել Nature Conservancy of Canada-ի ներկայացուցիչ Մեգան Լաֆերթին (Megan Lafferty)՝ համադրելով Կանադայի «Force of Nature» ազգային ռազմավարությունն ու Երևանյան կոչի առաջնահերթությունները։ Նա ընդգծել է, որ բնապահպանական գործողությունների արդյունավետ իրականացումը հենվում է վստահելի հարաբերությունների վրա, որտեղ հասարակական կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես հարթակ ստեղծողներ՝ ապահովելով ուժերի, ռեսուրսների և իրավասությունների արդար հավասարակշռում։
Ամփոփելով թեմատիկ զեկույցները՝ IUCN WCPA-ի ներկայացուցիչ Կարոլինա Հազինը (Carolina Hazin) և սիմպոզիումի մոդերատոր Դիվիջա Ջատան (Divija Jata) ընդգծել են, որ «Երևանյան գործողությունների կոչը» չպետք է մնա միայն թղթի վրա, այլ պետք է վերածվի կոնկրետ ազգային քաղաքականությունների և ֆինանսավորման գործնական մեխանիզմների։
Երևանյան սիմպոզիումից մեկնարկած այս գլոբալ երկխոսությունը COP17-ից հետո իր տրամաբանական շարունակությունը կստանա առաջիկայում Պանամայում կայանալիք IUCN WCPA համաշխարհային համագումարում՝ դառնալով ուղենիշ 30x30 թիրախի իրական ու արդարացի իրագործման համար։