Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ Բնության տարբեր պահապանների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի

Published on 31/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտու Հայաստանի ազգային տաղավարում տեղի է ունեցել «Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ Բնության տարբեր պահապանների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի» խորագրով պանելային քննարկումը, որի ընթացքում ներկայացվել են Երևանի բնապահպանական սիմպոզիումի ֆինանսական արդյունքներն ու առաջարկները։ Քննարկումը վարել է Բնության պահպանության միջազգային միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (IUCN ECARO) տնօրեն Օլիվեր Ավրամոսկին, իսկ բանախոսների կազմում հանդես են եկել Պանամայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Պարվին Պանջաբի Ամոն, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «ICCA Consortium»-ի ներկայացուցիչ Հանիե Մոգանին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Միջոցառումը մեկ հարթակում է միավորել միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և պետական մարմինների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոչ պետական ու համայնքային պահպանվող տարածքների կայուն զարգացման հեռանկարները։ Բանախոսներն անդրադարձել են այն գործնական մեխանիզմներին, որոնք թույլ կտան Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 3-րդ թիրախին (30x30) հասնելու ճանապարհին այդ տարածքների պաշտոնական ճանաչումից անցում կատարել դեպի ուղղակի, կայուն և երկարաժամկետ ֆինանսավորման համակարգերի ներդրում։
Քննարկման մասնակիցները կարևորել են Երևանի բնապահպանական սիմպոզիումի արդյունքում ձևավորված առաջարկների կիրառումը՝ ընդգծելով, որ բազմաշահառու սերտ համագործակցության և կանխատեսելի ֆինանսական գործիքների շնորհիվ է հնարավոր լիարժեքորեն ապահովել բնության տարբեր պահապանների արդյունավետ գործունեությունը։