Գլոբալ թիրախներից մինչև տեղական գործողություններ․ YCS 2026-ի զուգահեռ քննարկումները

Published on 17/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) շրջանակում կայացել են երեք թեմատիկ զուգահեռ քննարկումներ, որոնք միտված էին համաշխարհային բնապահպանական թիրախները տեղական մակարդակում գործնական և չափելի քայլերի վերածելուն։

«Ֆինանսավորման նախագծում՝ արդյունավետ և արդարացի բնապահպանության համար» խորագրով քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են բնապահպանական ֆինանսավորման արդարացի բաշխման, երկարաժամկետ կայունության ապահովման և մասնավոր հատվածի ռազմավարական ներգրավվածության նորարարական մեխանիզմներին։ Ֆինանսական լուծումներին զուգահեռ՝ առանցքային է նաև տեղական ապրելակերպի և ավանդույթների հաշվառումը, ինչին էլ նվիրված էր «Բազմազան էկոհամակարգեր, շարժունակ ապրելակերպ և համայնքային խնամակալություն» նիստը։ Այստեղ ուշադրության կենտրոնում էին բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ավանդական կենսակերպի, շարժունակ անասնապահության և էկոհամակարգերի պահպանության անխզելի կապն ու համայնքային կառավարման գործուն մոդելները։

Տեղական այս մոտեցումները գլոբալ ռազմավարությունների հետ համադրելու տեսանկյունից կարևոր էր երրորդ՝ ««Նպատակ 3»-ի փոխկապակցումը Կունմինգ-Մոնրեալի շրջանակի (KMGBF) հետ» քննարկումը։ Այս նիստի շրջանակում փորձագետներն ուսումնասիրել են 30x30 թիրախի և Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի մյուս առանցքային նպատակների՝ կլիմայի փոփոխության դիմակայման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման փոխկապակցվածությունը՝ կարևորելով համալիր քաղաքականությունների մշակումը։

 

Երեք զուգահեռ քննարկումների արդյունքները միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ձևավորել բազմազան, արդարացի և փոխկապակցված լուծումներ, որոնք ուղղակիորեն հիմք են հանդիսացել սիմպոզիումի ամփոփիչ փաստաթղթի՝ «Երևանի գործողությունների կոչի» (Yerevan Call to Action) մշակման համար։