«Գլոբալ հավակնություններից դեպի ազգային իրագործում»․ չորս զուգահեռ աշխատանքային նիստեր YCS 2026-ի շրջանակում

Published on 17/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) առաջին օրվա երկրորդ կեսն անցել է ինտենսիվ մասնագիտական քննարկումների մթնոլորտում․ տեղի են ունեցել չորս զուգահեռ թեմատիկ աշխատանքային նիստեր։ Դրանք մասնակիցներին հնարավորություն են տվել խորությամբ վերլուծելու Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի «Նպատակ 3»-ի (30x30) իրականացման գործնական ռազմավարությունները, կառավարման բազմազան մոդելներն ու իրավական ճանաչման մեխանիզմները։

Առաջին աշխատանքային նիստը՝ «Բազմազան կառավարմամբ պահպանվող և պահպանության ենթակա տարածքների (PCAs) համակարգերի ներդրումը» խորագրով, կենտրոնացած էր պետական, մասնավոր և համայնքահեն մոդելների միջև գործընկերության ընդլայնման, ինչպես նաև այլ արդյունավետ տարածքահեն պահպանության միջոցների (OECMs)՝ ազգային համակարգերում ինտեգրման ուղիների վրա։ Տարածքների ընդլայնմանը զուգահեռ՝ առանցքային է նաև դրանց կառավարման որակի ապահովումը, ինչին էլ նվիրված էր երկրորդ՝ «Պահպանվող և պահպանության ենթակա տարածքների արդյունավետության գնահատումն ու բարելավումը տեղական և համակարգային մակարդակներում» նիստը։ Այստեղ մասնագետները քննարկել են բնապահպանական որակի, էկոլոգիական չափելի արդյունքների և տեղական ու համակարգային արդյունավետությունը գնահատող ստանդարտացված շրջանակների կիրառման հարցերը։

Որակական ցուցանիշների սահմանումից հետո քննարկումներն ուղղվել են դեպի առաջիկա տարիների հստակ ժամանակացույցն ու իրավական երաշխիքները։ Երրորդ նիստի՝ «2027–2030 թթ․ «Նպատակ 3»-ի իրականացման ուղին» քննարկման ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են ազգային իրագործման ճանապարհային քարտեզները, տվյալների հաշվետվողականության մեխանիզմները և մինչև 2030 թվականը նախանշված ռազմավարական կարևորագույն փուլերը։ Իսկ չորրորդ՝ «Բնիկ ժողովուրդների և համայնքների կողմից կառավարվող տարածքների իրավունքահեն ճանաչումը» խորագրով նիստն անդրադարձել է մարդու և համայնքների իրավունքների վրա հիմնված շրջանակներին, «Կյանքի տարածքների» (Territories of Life) իրավական ճանաչմանը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների առաջնորդող դերին բնության պահպանության գործում։

 

Բոլոր չորս աշխատանքային նիստերի ընթացքում ձևավորված եզրակացություններն ու մասնագիտական առաջարկություններն ուղղակիորեն հիմք են հանդիսացել սիմպոզիումի գլխավոր փաստաթղթի՝ «Երևանյան գործողությունների կոչի» (Yerevan Call to Action) մշակման և վերջնական տեսքի բերման համար։