
Published on 25/05/2026
Մայիսի 19-ից 21-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի է ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային BESPIN եռակողմ երկխոսությունը` «Կենսաբազմազանության և կլիմայական գիտելիքների համակարգված կիրառումը հանուն տրանսֆորմացիոն գործողությունների» թեմայով:
Այս կարևորագույն միջազգային հարթակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ներկայացրել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը:
Երկխոսության նպատակն էր մեկտեղել քաղաքականություն մշակողներին, գիտնականներին, բնապահպան-պրակտիկներին և տեղական գիտելիքների կրողներին՝ մշակելու համատեղ ռազմավարություններ, որոնք թույլ կտան կենսաբազմազանության և կլիմայի վերաբերյալ գիտական տվյալները կիրառել ազգային ու տարածաշրջանային քաղաքականություններում:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էկոհամակարգերը՝ լեռնաշղթաներից մինչև անտառներ ու ջրատարածքներ, գտնվում են լուրջ ճնշման տակ։ 1970 թվականից ի վեր խոնավ տարածքների մակերեսը կրճատվել է 50%-ով, իսկ տարածաշրջանի էնդեմիկ տեսակների 28%-ին սպառնում է անհետացում:
IPBES-ի և IPCC-ի վերջին գնահատականները հստակ ցույց են տալիս՝ կենսաբազմազանության կորուստն ու կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են, և դրանց դեմ առանձին-առանձին պայքարելն այլևս անարդյունավետ է: Անհրաժեշտ է միասնական, ամբողջական մոտեցում։
Հանդիպումը կառուցված էր որպես ուսումնական և գործնական եռօրյա փուլ.
- Օր 1. համատեղ մեկնարկ և խնդիրների ընկալում. Ընդհանուր համատեքստի ձևավորում և ճանաչողական այցեր:
Օր 2. խորքային վերլուծություն.կենսաբազմազանություն-կլիմա կապի ուսումնասիրություն և ինտերակտիվ խմբային աշխատանքներ, այդ թվում՝ «Կենաց ծառ» (Tree of Life) հատուկ վարժանքը:
Օր 3. համատեղ ստեղծում և նախատիպերի մշակում. Գիտելիքի վերածումը կոնկրետ գործողությունների, ազգային մակարդակում կիրառվելիք քայլերի ու ճանապարհային քարտեզների նախանշում:
FPWC-ի մասնակցությունն այս ֆորումին ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանում տեղական մակարդակով իրականացվող բնապահպանական ծրագրերը միջազգային գիտական առաջադեմ փորձին և գլոբալ ռազմավարություններին համապատասխանեցնելու ճանապարհին, հատկապես այս աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ին ընդառաջ։