Published on 31/10/2025
FPWC-ի մասնագետները փրկել են մետաղալարե թակարդում հայտնված արջի ձագին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմն արագ արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնից ստացված ահազանգին: Եղեգիս գյուղի մերձակայքում հայտնաբերվել էր մետաղալարե ինքնաշեն թակարդի մեջ հայտնված գորշ արջի քոթոթ (մոտ ութ ամսական):
Ըստ տեղի բնակիչների՝ ձագին որոշ ժամանակ տեսել են տարբեր վայրերում՝ առանց մոր ուղեկցության: Քանի որ արջի ձագերը մինչև երկու տարեկան դառնալը չեն կարող ինքնուրույն գոյատևել բնության մեջ, մոր բացակայությունը փաստում է նրա հետ տեղի ունեցած հնարավոր դեպքի մասին, ինչը զգալիորեն նվազեցնում էր ձագի ողջ մնալու հավանականությունը վայրի բնության մեջ:
Մետաղալարն ամուր փաթաթված էր կենդանու պարանոցին, ինչի հետևանքով նա խիստ թուլացած էր և հյուծված: Գնահատելով ձագի վնասվածքները և հաշվի առնելով մոր բացակայությունը՝ FPWC-ի մասնագետներն ու Տեսչական մարմնի տեսուչները համատեղ որոշում են կայացրել կենդանուն տեղափոխել FPWC-ի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն (WRC): Արջուկն անմիջապես ստացել է անհրաժեշտ կենդանաբուժական առաջին օգնություն և նրա վիճակն այժմ կայուն է:
FPWC-ն ստանձնել է արջի ձագի լիարժեք ֆիզիկական և վարքագծային վերականգնման պատասխանատվությունը՝ նպատակ ունենալով պատրաստ լինելուն պես նրան վերադարձնել վայրի բնություն:
Տարածքի զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ևս երեք ինքնաշեն մետաղալարե թակարդներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է տարածաշրջանում ապօրինի որսի շարունակական ռիսկերի մասին:
Այս հաջողված փրկարարական գործողությունը վերստին ընդգծում է FPWC-ի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սերտ համագործակցության կենսական նշանակությունը Հայաստանի վայրի բնության պաշտպանության գործում: