
Published on 26/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտու Հայաստանի ազգային տաղավարում տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած «Անտառային երկխոսություններ․ անտառների, կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի համադրում» խորագրով պանելային քննարկումը։ Միջոցառմանը բանախոսի կարգավիճակով մասնակցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը։ Իր ելույթում նա հատկապես ընդգծել է, որ էկոհամակարգերի վերականգնման և պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունները պետք է իրականացվեն համահունչ՝ նպաստելով վերականգնված տարածքների երկարաժամկետ պահպանությանը։ Նրա դիտարկմամբ՝ բնապահպանական ծրագրերի կայունության համար անհրաժեշտ է հաշվի առնել հողերի սեփականության առանձնահատկություններն ու տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները։
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև ինստիտուցիոնալ, գիտական և կառավարման համակարգերի ամրապնդմանը։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը խոսել է էկոհամակարգային գործառույթների վերականգնման ու տեղական համայնքներին շարունակական աջակցելու կարևորության մասին։ Շվեյցարիայի անտառի, ձյան և լանդշաֆտի հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչ Մարկո Պյուցն անդրադարձել է գիտական հուսալի տվյալների և Անտառների ազգային գույքագրման առանցքային դերին՝ հիմնավորված քաղաքականությունների մշակման գործում։ Այս համատեքստում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի (MFA) ներկայացուցիչ Անդրե Գումուչջյանը շեշտել է պետական կառավարման տարբեր մակարդակների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Դաշտային մակարդակում անտառվերականգնման գործնական մոտեցումներին են անդրադարձել դաշինքի մյուս գործընկեր կառույցների ներկայացուցիչները։ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ATP) ներկայացուցիչ Վահե Մացակյանը ներկայացրել է անտառապատման նպատակով նոր հողատարածքների տրամադրման կարևորությունը, իսկ Հայկ Մինասյանը (ՇԵՆ ՀԿ) ընդգծել է ագրոանտառային համակարգերի և դաշտապաշտպան անտառաշերտերի նշանակալի դերը դեգրադացված համայնքային հողերի վերականգնման գործում։
Պանելային քննարկումը Հայաստանի անտառային դաշինքի նախաձեռնություններից էր COP17-ի շրջանակում և իրականացվել է «Անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն Հայաստանում» (FORACCA) ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և համաֆինանսավորվում Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս կազմակերպությունների՝ ՇԵՆ ՀԿ-ի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ATP), «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի (MFA) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Նախաձեռնությունն իրականացվում է Շվեյցարիայի անտառի, ձյան և լանդշաֆտի հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համագործակցությամբ։